ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբեր — Sputnik. Այն, ինչը ես պարոն Ալիեւի հետ քննարկել եմ, արցախյան հակամարտության լուծում չէ, այլ այն, թե ինչպիսի իրադրություն է պետք է ստեղծել, որ խաղաղ բանակցությունների հնարավորություն լինի:
Ֆրանսիական France 24-ի հետ հարցազրույցում, անդրադառնալով Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած զրույցին, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ «անհնար է լուծման մասին խոսել՝ չունենալով դրան հասնելու համար անհրաժեշտ պայմանները»:
Նիկոլ Փաշինյանը նաև շեշտել է, որ բանակցային գործընթացը պետք է ընթանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, և որ Հայաստանը երբեք բանակցային ձևաչափի փոփոխության խնդիր չի առաջադրել:
Իսկ ինչ վերաբերում է բանակցային գործընթացին Արցախի մասնակցությանը, Փաշինյանը հիշեցրել է, որ ադրբեջանական կողմը հայտարարել է, թե չի ցանկանում խոսել Արցախի հետ: «Ղարաբաղն ինչպե՞ս կարող է Ադրբեջանի իշխանության տակ լինել, եթե Ադրբեջանը Ղարաբաղի ժողովրդի հետ նույնիսկ խոսել չի ցանկանում»,- ասել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նշել է, որ Ադրբեջանի այս դիրքորոշումը ցույց է տալիս, որ Ադրբեջանն ուզում է ստանալ Արցախի միայն հողը` առանց ժողովրդի: «Նրանց գլխավոր մտահոգությունը Ղարաբաղն իր բնակիչներից մաքրելն է»,- ասել է Փաշինյանը:
Հիշեցնենք, ՀՀ վարչապետը սեպտեմբերի 29-ին, Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումից վերադառնալով, ասել էր, որ Ալիևի հետ «ոտքի վրա» հանդիպման ընթացքում որոշվել է օպերատիվ կապ հաստատել:
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ կապն առ այսօր էլ հաստատված չէ: