Ադրբեջանցի բանկիրի կինը միլիոններ է ծախսել Լոնդոնում. նրանով հետաքրքրված է NCA-ը

Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին նախագահի կինը՝ Զամիրա Հաջիևան, «Հարոդս» հանրախանութում ծախսել է մոտավորապես 16 միլիոն ֆունտ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik.  Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը (NCA) առաջին անգամ պահանջել է բացահայտել այլ պետության քաղաքացու հարստության աղբյուրը, հաղորդում են բրիտանական ԶԼՄ-ները:

Ադրբեջանի գլխավոր խնդիրը Արցախն իր բնակիչներից մաքրելն է. Փաշինյան

Խոսքը Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին ղեկավարի կնոջ՝ Զամիրա Հաջիևայի մասին է, որը, համաձայն դատական փաստաթղթերի, շքեղ կյանք է վարել՝ միայն «Հարոդս» հանրախանութում ծախսելով մոտավորապես 16 միլիոն ֆունտ, ինչպես նաև ձեռք է բերել ավելի քան 20 միլիոն ֆունտ արժողությամբ անշարժ գույք:

Նրա անունը հանրությանը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ լրացավ լրատվամիջոցների համար այդ տեղեկատվությունը չհրապարակելու դատական արգելքի ժամկետը: Լրագրողները պնդում էին, որ այդ տվյալները, հասարակության շահերից ելնելով, պետք է բացահայտվեն:

Բրիտանիայի իշխանություններն ավելի վաղ իրավունք էին ստացել հարցումներ ուղարկել 50 հազար ֆունտ և ավելի արժողությամբ ակտիվների սեփականատերերին չպարզված ծագմամբ ունեցվածքի վերաբերյալ: Խոսքը, նախ և առաջ, հանցագործությունների կատարման մեջ կասկածվողների, ինչպես նաև եվրոպական տնտեսական գոտու մեջ չմտնող պետություններից ազդեցիկ քաղաքական դեմքերի մասին է:

Հաջիևայի գործով դատական լսումները Լոնդոնի Բարձր դատարանում սկսել են հուլիսին:

Նրանից պահանջել են պարզաբանումներ անշարժ գույքի երկու օբյեկտների՝ լոնդոնյան հեղինակավոր Նայթսբրիջ շրջանում 11.5 մլն ֆունտ սթերլինգ արժողությամբ տան, ինչպես նաև Ասքոթ քաղաքի մոտ 10.5 մլն ֆունտով ձեռք բերված հողատարածքի մասին: Եթե Հաջիևան չկարողանա բացատրել՝ ինչ ծագում ունեն անշարժ գույք և հողատարածք գնելու համար ծախսված գումարները, նրա ունեցվածքը կարող է բռնագրավվել: