ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Երևանի նոր քաղաքապետ Հայկ Մարությանը չգիտի` որքանով է Երևանը պատրաստ իր 2800–ամյակը նշելուն։ Այս մասին նա ասել է` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
«Կկարողանամ պատասխանել այդ հարցին ամսի 13–ին, երդմնակալության արարողությունից հետո, երբ կծանոթանամ նախագծին ու անցկացված աշխատանքներին», – պարզաբանեց Մարությանը։
Այնուամենայնիվ նոր քաղաքապետը նշեց, որ տոնակատարությանը նախորդող այս մեկ շաբաթվա ընթացքում կփորձի կազմակերպչական աշխատանքներն իրենց տրամաբանական ավարտին հասցնել ու ամենաբարձր մակարդակով նշել Հայաստանի մայրաքաղաքի ծննդյան օրը։
Հիշեցնենք` Երևանի 2800–ամյակին նվիրված տոնակատարությունները տեղի կունենան հոկտեմբերի 20–21–ին։
«Մինչև հոկտեմբերի 13–ը իրավասություններ չունեմ, իսկ երդմնակալությունից հետո պետք է ծանոթանամ նախագծերին ու հենց նույն օրը սկսեմ համապատասխան աշխատանքներ անել։ Այդքան էլ շատ ժամանակ չունենք։ Սկզբի համար պետք է հասկանալ` ինչ է արդեն արվել։ Կփորձենք ամեն ինչ կազմակերպել հնարավորինս լավ, ամենաբարձր մակարդակով», – ասաց Մարությանը։
Հիշեցնենք` Էրեբունին (Երևանը) մ.թ.ա. 782 թվականին հիմնադրել է Արգիշտի Առաջինը Հայկական լեռնաշխարհի հարավ-արևելքում։ Երևանն Առաջին Հանրապետության մայրաքաղաք է հռչակվել 1918 թվականի մայիսի 28-ին։ Քաղաքի օրը` Էրեբունի-Երևանը, նշվում ամեն տարի հոկտեմբերի կեսերին` սկսած 1968 թվականից։