ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Այսօր՝ հոկտեմբերի 10-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական աշխատանքային հանդիպումը:
Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովի մամլո ծառայությունից:
Ի թիվս օրակարգային մի շարք հարցերի` խորհրդարանի ղեկավարն ու վարչապետն անդրադարձել են նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման թեմային:
Կողմերը, մասնավորապես, վերահաստատել են նախկինում հնչեցրած իրենց այն դիրքորոշումը, որ բոլոր գործընթացները պետք է ընթանան բանակցությունների եւ փոխհամաձայնության ճանապարհով:
Աշխատանքային հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ հոկտեմբերի 29-30-ը Երեւանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցերին:
Ազգային ժողովի նախագահը վարչապետին տեղեկացրել է, որ այդ նպատակով հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունենալու ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ ակտիվորեն մասնակցելու է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ վեհաժողովի երեւանյան լիագումար նիստերին: