Ֆրանսիական նավերն ու Ադրբեջանը. ի՞նչ պատահեց Մակրոնի այցի հետ

Մակրոնի` Բաքու այցելելու մասին լուրերն անսպասելի անհետացել են ադրբեջանական կայքերից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Ադրբեջանը ծրագրում է Ֆրանսիայից գնել մի քանի OPV 90 պարեկային նավեր։ Համաձայնագիր կնքելու նպատակով պետք է Բաքու մեկներ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը

Սակայն, ամենայն հավանականությամբ, ինչ–որ խնդիրներ են ծագել, քանի որ Մակրոնի այցի մասին հրապարակումներն անհետացել են մի քանի հայտնի ադրբեջանական կայքերից։

Բայց սկսենք սկզբից։ Մի քանի օր առաջ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդագրություն էին տարածել այն մասին, որ Ֆրանսիան` ի դեմս Naval Group ընկերության, բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ Gowind (OPV 90) նավեր, հրթիռներ և հակատանկային սարքավորումներ վաճառելու շուրջ։

Ավելի ուշ Turan գործակալությունը հարցազրույց էր հրապարակել Naval Group–ի մարքեթինգի բաժնի ներկայացուցիչ Ֆիլիպ Դարշի հետ։

«2012թ–ից Ֆրանսիական ռազմածովային ուժերի տրամադրության տակ է գտնվում OPV 90 (Offshore Patrol Vessel) բարձրակարգ պարեկային նավը` ստեղծված Naval Group–ի կողմից, և այդ նավը հետաքրքրել է Ադրբեջանին։ Ավելի քան երեք տարի առաջ մենք հարցում ենք ստացել ադրբեջանական կողմից այդ նավի վերաբերյալ, հարմարեցրել այն Ադրբեջանի ռազմածովային ուժերի կարիքներին և առաջարկում ենք նման նավեր կառուցել Բաքվում (կազմակերպել ամբողջ շինարարական ընթացքը` սկսած մետաղը կտրելուց)», – ասել է Դարշը։

Նա հավելել է, որ Ադրբեջանի հարցումով նավը հագեցվել է լրացուցիչ գործառույթներով. դրա ցռուկային մասում տեղադրված է սարք` հականավային հրթիռներով, հակաօդային պաշտպանության և էլեկտրոնային «պատերազմին» հակազդելու սարք։

Փաշինյանն ու Ալիևն առանց էյֆորիայի. Բաքուն փորձում է «ցրել» Վիեննայի համաձայնագիրը

La Tribune ֆրանսիական թերթը հոկտեմբերի 5–ին գրեց, որ Երևան կատարած այցից հետո Մակրոնը կմեկնի Բաքու։ Թերթի տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանում Ֆրանսիայի նախագահի բանակցությունների հիմնական թեմաները կլինեն արցախյան հակամարտության կարգավորումը և պարեկային նավեր առաքելու վերաբերյալ ռազմատեխնիկական պայմանագիրը։ Հաղորդվում էր, որ Naval Group–ը մտադիր է 400-500 միլիոն եվրոյի պայմանագրեր կնքել։

Այդ պատվերը ներառում է Gowind (OPV 90) երեք պարեկային նավերի վաճառք, որոնք կպատրաստվեն առավելապես Բաքվի նավաշինական գործարանում։

Այդ տեղեկատվությունը La Tribune–ին հղում անելով տարածել էին ադրբեջանական ԶԼՄ–ները։ Օրինակ, haqqin.az–ը նյութ էր հրապարակել «Մակրոնը Բաքու է գնում մեծ գործարքի հետևից» վերնագրով, իսկ Minval.az–ը` «Մակրոնի հատկանշական այցը Ադրբեջան»: Նույնիսկ հոդվածներ են հայտնվել այն մասին, որ Հայաստանին չի հաջողվի խանգարել այդ գործարքին։

Ամենահետաքրքիրն այն է, որ հրապարակումից մի քանի օր անց Մակրոնի այցի մասին հոդվածները որոշ կայքերում (օրինակ, haqqin.az, minval.az, 1news.az, trend.az, report.az) անհասանելի են դարձել։

Տեղեկություններ են մնացել այլ ադրբեջանական կայքերում, որոնք կրկին մեջբերում են վերոհիշյալ կայքերին,  կամ նրանց միջոցով La Tribune–ին:

Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը չպատասխանեցին Sputnik Արմենիայի հարցմանը նավերի հնարավոր վաճառքի մասին և խորհուրդ տվեցին դիմել Փարիզ։

«Ֆրանսիայի դեսպանատունը մեկնաբանում է միայն հայ–ֆրանսիական հարաբերությունների հետ կապված հարցերը», – հաղորդեցին դեսպանատնից։

Ադրբեջանական որոգայթ. կկարողանա՞ Փաշինյանը տեղ բացել Արցախի համար

Հատկանշական է, որ հուլիսին ադրբեջանական ԶԼՄ–ները տեղեկություն էին տարածել այն մասին, որ Փարիզը ֆրանսիական ընկերություններից հանել է Ադրբեջանին պաշտպանական նշանակության արտադրանք վաճառելու արգելքը։

Այդ ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հերքել էր այդ լուրը։

Կարծում ենք, որ Ադրբեջանը պատրաստվել է թե՛ ֆրանսիական նավեր գնելուն, թե՛ Մակրոնի այցին։

Հնարավոր է, որ Ֆրանսիայի նախագահի այցն ուղղակի հետաձգվել է։

Բայց հրապարակումներն անսպասելի կերպով հեռացնելը խոսում է այն մասին, որ Մակրոնի այց – պայմանագրի ստորագրում շղթայում ինչ–որ բան այնպես չի ընթացել։