Հայկ Մարությանի երդմնակալությունը կկայանա Երևանի քաղաքապետարանում

Նիստին ներկա գտնվելու համար հրավերներ են ուղարկվելու ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, պետական, հասարակական, մշակութային, եկեղեցական գործիչների, պատվավոր հյուրերի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը կկայանա Երևանի քաղաքապետարանի շենքում, ավագանու նիստի ընթացքում։ Այս մասին այսօր, Երևանի ավագանու 1–ին նիստի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը։

Երևանը նոր քաղաքապետ ունի. Մարությանը խոստանում է լուծել երևանցիների խնդիրները

«Համաձայն Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 47-րդ հոդվածի` քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է իր ընտրվելուց հետո, երրորդ օրացուցային օրը, ավագանու օրենքի ուժով հրավիրված նիստում Երևանի բնակիչներին տված երդմամբ: Հիմք ընդունելով օրենքի նշված դրույթը՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողությունը տեղի է ունենալու 2018 թ հոկտեմբերի 13-ին, ժամը 12:00 հրավիրված ավագանու նիստում: Նիստը տեղի է ունենալու Ավագանու նստավայրում` Երևանի քաղաքապետարանում»,–ասաց Մակարյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ նիստին ներկա գտնվելու  համար հրավերներ են ուղարկվելու ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, պետական, հասարակական, մշակութային, եկեղեցական գործիչների, պատվավոր հյուրերի:

Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլում հրապարակում հայտնվեց այն մասին, որ քաղաքապետ Հայկ Մարությանն իր երդմնակալության արարողությունը կատարելու է Հանրապետության հրապարակում, որն ինչ-որ առումով «թավշյա հեղափոխության» հաղթանակի խորհրդանիշն է։

Հիշեցնենք` 2018թ.–ի սեպտեմբերի 23–ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը ստացել է 57 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 5 մանդատ, «Լույս» կուսակցությունների դաշինքը՝ 3 մանդատ:Այսօր` հոկտեմբերի 10–ին, կայացավ Երևանի ավագանու անդրանիկ նիստը։