Կառավարությունը մի բան է որոշում, նախարարն` այլ. արձակուրդները խանգարեցին

Կրթության նախարարության հայտարարությունը հակասում է կառավարության այսօր ընդունած որոշմանը։ Ուսուցիչները կառավարությա՞նը ենթարկվեն, թե՞ նախարարին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ կրթության և գիտության նախարարությունը քիչ առաջ ֆեյսբուքյան էջում հրապարակել է որոշում` հոկտեմբերի 11-12-ը ոչ աշխատանքային հայտարարված օրերի փոխարեն դպրոցներում այլ օրեր դասապրոցես կազմակերպելու մասին։

Նախարարության այս որոշումն առնվազն տարօրինակ է, քանի որ շուրջ 2 ժամ առաջ կառավարությունը հանգամանալից քննարկեց ու ի վերջո որոշեց աշխատանքային օրեր սահմանել հոկտեմբերի 27-ի և նոյեմբերի 3-ի շաբաթ օրերը։

Աշխատանքային օրերը տեղափոխվեցին. երկու շաբաթ օր կլինեն աշխատանքային

Նախագծով, ի դեպ, նախատեսվում էր հոկտեմբերի 20-ն ու 27-ը, բայց քանի որ կառավարության անդամներին հիշեցրին, որ հոկտեմբերի 20-ին Երևանում անցկացվելու են մայրաքաղաքի օրվան նվիրված միջոցառումներ, իսկ մարզերից մի քանիսում 21–ին նշանակված են համայնքի ղեկավարների արտահերթ ընտրություններ, դրանց կազմակերպմանը չխոչընդոտելու համար որոշվեց հոկտեմբերի 20-ի փոխարեն աշխատանքային սահմանել նոյեմբերի 3-ը։

Հատկանշական է, որ այս քննարկումների ընթացքում ԿԳ նախարարը, ով ներկա էր նիստին, չհայտնեց, որ այդ օրերին դպրոցներում աշնանային արձակուրդներ են ու չառաջարկեց այլ օրեր տեղափոխել։

Բայց ահա նիստի ավարտից 2 ժամ անց, նախարարությունը հայտարարում է, որ դպրոցները կաշխատեն ոչ թե կառավարության որոշմամբ հաստատված օրերին, այլ նախարարության որոշած օրերին։

Ընդ որում, գերատեսչության հաղորդագրության մեջ նշված է միայն, որ դա արվում է «արձակուրդի անընդհատությունն ապահովելու նպատակով»։ Թե ինչ իրավական հիմք ունի այս որոշումն ու ինչու այն պիտի գերակայի կառավարության որոշմանը, նախարարությունում չեն հստակեցնում։

Մինչդեռ, իրավական նորմերի գերակայության սկզբունքով ՀՀ կառավարության որոշումը պետք է որ գերակա լինի մեկ առանձին նախարարի կամ նախարարության ընդունած որոշմանը, կամ, առավել ևս, ֆեյսբուքում արված հայտարարությանը։