Արտահերթ ընտրություններին մասնակցել–չմասնակցելու որոշում ՀՀԿ–ն կկայացնի ԳՄ նիստում

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Վահրամ Բաղդասարյանը վերահաստատել է ՀՀԿ–ի դիրքորոշումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. ՀՀԿ–ն վարչապետի թեկնածու չի առաջադրի, և Փաշինյանն այդ մասին գիտի։ Այսօր ԱԺ–ում, վարչապետի հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` հավելելով, որ այդ մասին ինքը հայտարարել էր շատ ավելի վաղ։

Արտահերթ ընտրությունների սցենարը չի փոխվել. ՀՀԿ –ականներին ճնշում են հարևան–բարեկամները

«Այդ հայտարարությունը ես արել եմ միշտ, այդ թվում` Փաշինյանի հետ խոսելիս։ Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամկետը ես քաղաքական տեսանկյունից ճիշտ չեմ համարում, բայց որևէ ձևով մենք չենք խոչընդոտի»,– ասաց նա։

Համենայն դեպս, ՀՀԿ պատգամավորների ստորագրած հայտարարությունը ՀՀԿ ղեկավարության տեսակետի վրա չի ազդել, որոշումը մինչ այդ է եղել։

Իսկ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել–չմասնակցելու մասին որոշում ՀՀԿ—ն, ըստ Բաղդասարյանի, դեռ չի կայացրել։ Չի բացառում նաև, որ Հանրապետականը կվերածվի արտախորհրդարանական ուժի։

«Քաղաքական դաշտում որևէ բան բացառված չէ, և որևէ մեկին ընդմիշտ տրված չէ այդ մենաշնորհը` ընդդիմություն կամ իշխանություն լինելու»,– ասաց Բաղդասարյանը։

Նա նաև նշեց, որ այդ հարցի շուրջ վերջնական որոշում կկայացվի ՀՀԿ ԳՄ նիստում։