Փաշինյան–Ալիև հանդիպումը Դուշանբեում նվազեցրել է լարվածությունն Արցախում. Լեբեդև

ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հույս ունի, որ երկու պետությունների ղեկավարների առաջին բովանդակային շփումը կշարունակվի ու հակամարտության կարգավորման համար դրական արդյունք կտա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Դուշանբեում թույլ է տվել նվազեցնել լարվածությունը ղարաբաղյան հակամարտության գոտում։ Այս մասին Մինսկում լրագրողներին ասել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, հայտնում է Sputnik Բելառուսը։

Երկու երկրների առաջնորդները «ոտքի վրա» շփվել են Տաջիկստանում սեպտեմբերի վերջին ԱՊՀ գագաթնաժողովին միջանցքներում։

Ալիևի հետ կապն առայժմ չի ստացվել. Փաշինյանը հաստատել է

«Բոլորը նկատել են Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների շփումները։ Ես ինքս բազմիցս ականատես եմ եղել` ինչպես էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտենում միմյանց ու քննարկում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը», – ասել է Լեբեդևը։

Նա փաստել է , որ հանդիպման արդյունքն ակնհայտ է ու լարվածությունը տարածաշրջանում նվազել է։ Նրա խոսքով` երկու երկրներում լարվածության նվազեցման մասին հրահանգներ են տրվել պատասխանատու կառույցներին։

«Հույս ունենք, որ երկու պետությունների ղեկավարների առաջին բովանդակային շփումը կշարունակվի ու հակամարտության կարգավորման համար դրական արդյունք կտա»,–ավելացրել է Լեբեդևը։

Նա նաև ընդգծել է, որ բոլոր առաջնորդները դրական են վերաբերվել Դուշանբեում Համագործակցության գագաթնաժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի շփումներին։

«Դրանք դրական քայլեր են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության լուծման ուղղությամբ», – ամփոփեց նա։

Հիշեցնենք, որ Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցի ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերել հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու, ինչպես նաև երկխոսությանն ու բանակցություններին հավատարիմ մնալու մասին։ Կողմերի երրորդ կարևոր պայմանավորվածությունը, ըստ պաշտոնական հայտարարությունների, նրանց միջև օպերատիվ կապի հաստատումն է եղել։