153 կարատ ադամանդե քարեր` ջինսե տաբատների թաքստոցներում. ՀՀ քաղաքացին Դուբայից էր բերում

Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. «Զվարթնոց» օդանավակայանում Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացու մոտ հայտնաբերվել են մեծ քանակի չմաքսազերծված ադամանդե քարեր։

Ապօրինի գործունեություն մարզերում. ՊԵԿ–ը հաշվում է պետությանը պատճառված վնասը

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ մամուլի բաժնից, Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները, երեկ` հոկտեմբերի 9–ին, օպերատիվ տվյալներն իրացնելիս, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում  Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքից  Երևան ժամանած ՀՀ քաղաքացի Գ.Բ-ի ուղեբեռի զննման արդյունքում նրա ճամպրուկից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված` շուրջ 153 կարատ տարբեր չափերի ադամանդե քարեր: Պարզվել է, որ քաղաքացին մաքսանենգ ապրանքը փորձել է տեղափոխել ջինսե տաբատներում նախապես պատրաստված թաքստոցներում:

Դեպքի վերաբերյալ կազմվել է արձանագրություն` ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներով: