Ռուսաստանում կամրջի փլուզումից հայ է տուժել

ՌԴ Պրիամուրում կամրջի փլուզումից Հայաստանի քաղաքացի է տուժել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Բեռնատար մեքենայի վարորդը` ՀՀ քաղաքացին, Պրիամուրում կամրջի փլուզման հետևանքով տուժած միակ մարդն է։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

 

Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 10:33 (Երևանի ժամով 5:33–ին) փլվել են Պրիամուրի մեծությամբ երրորդ քաղաքի Միխայլո–Չեսնոկովսկայա փողոցի ուղեկամրջի երկու սյունամեջը։ Կամուրջը տանում էր դեպի Տրանսսիբիրյա մայրուղու գլխավոր ճանապարհը։

Փլուզման պահին կամրջով բեռնատար էր անցնում։ Վարորդին` ՀՀ քաղաքացուն հոսպիտալացրել են կրծքավանդակի վնասվածքով, սրունքի բաց կոտրվածքով ու փշրված ներբանով։

Նախնական տեղեկության համաձայն` կամուրջը փլվել է ծանր բեռնատարի պատճառով։ Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է` կամրջի փլուզումից մի քանի վայրկյան առաջ դրանով բեռնատար գնացք է անցնում։

Դեպքի վայրում արդեն աշխատում են հոգեբաններ, փրկարարներ, ոստիկանության աշխատակիցներ ու բժիշկներ։