Քննչական կոմիտեն պարզել է Մանվել Գրիգորյանի էջմիածինցի զինակցին սպանողին

ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահին սպանողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է, որ քննությունը պարզել է ապրիլի 23-ին ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահի սպանությունն իրականացնողին, բայց նրան գտնել չի հաջողվել։

Ո՞վ է սպանել Մանվել Գրիգորյանի զինակցին. պարզում են քննիչները
 

Կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ԵԿՄ–ական Նվեր Հովհաննիսյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել է Վաղարշապատի կենտրոնական հրապարակում՝ Կոմիտասի հուշարձանի հարակից տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Պարզվել է նաև վիճաբանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը. կասկածվողը Վաղարշապատի բնակիչ է` ծնված 1967 թ.։ Նրա անունը, սակայն, չի հրապարկվում։

Քննչական կոմիտեն նաև նշում է, որ սպանության մեջ կասկածվող անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը. հայտարարվել հետախուզում։

Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն` Նվեր Հովհաննիսյանին դանակահարել էր ցուցարարներից մեկը:

ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, մեկնաբանելով իր զինակցի սպանությունը, ասել էր, որ նրա հետ վիճաբանողները նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) մարդիկ են եղել։