Նախագահը կատարում է խոստումը. խորհրդակցություններ Մաշտոց 47-ում

Նախագահը հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 Հոկտեմբեր — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդակցություններ է նախաձեռնել կառավարության և Ազգային ժողովի ղեկավարության հետ:

Այս մասին տեղեկացնում են  ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանրապետության նախագահն այսօր իր նստավայրում հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ առկա խնդիրների հանգուցալուծման ուղիները՝ այդ համատեքստում կարեւորելով երկրում կայունության պահպանումն ու հանդուրժողականության մթնոլորտը:

Встреча Президента и спикера Парламента Армении Армена Саркисяна и Ара Баблояна (9 октября 2018). Еревaн

Նախագահ Սարգսյանը ողջունել է անցած օրերի բանակցային գործընթացը եւ  շեշտել, որ իրավիճակի հանգուցալուծման եւ առկա խնդիրների լուծման միակ ճանապարհը երկխոսությունն է:

Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ հասարակությունն ու քաղաքական ուժերը կշարունակեն խոհեմություն ու սթափություն դրսևորել եւ առաջնորդվել երկրի շահերով, Սահմանադրությամբ ու օրենքներով:

Հիշեցնենք՝ Արմեն Սարգսյանը խոստացել էր Ֆրանսիայից Հայաստան վերադառնալուն պես խորհրդակցություններ հրավիրել ստեղծված քաղաքական իրավիճակի շուրջ: