«Միևնույնն է, սիրում ենք նրանց». Հայաստանում Արգենտինայի դեսպանը ֆրանսիացիներից չի նեղացել

Արգենտինան մասնակցում է Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի ֆորումին ու գագաթնաժողովում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Ֆրանկոֆոնիան Արգենտինայի համար նախևառաջ ընդհանուր արժեքների տարածք է։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնսալո Ուրիոլաբեիտիան Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի ժամանակ։

Արգենտինան իսպանալեզու մշակութային աշխարհի մի մասն է, սակայն այն հաճույքով «հյուրընկալել» է հարևան ֆրանսերենին։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Արգենտինան դիտորդի կարգավիճակ ունի։

Ֆրանսիական նամակների վրա Սարյանի ու Գառզուի նկարներով նամականիշներ կհայտնվեն

«Ֆրանկոֆոնիայի համայնքը միավորում է ոչ միայն լեզուն, այլև ընդհանուր արժեքները` ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, երեխաների ու կանանց պաշտպանությունը, բոլորի համար հավասար հնարավորությունները։ Շատ կարևոր է նաև համագործակցությունը տասնյակ երկրների հետ, ինչի շնորհիվ մենք կարող ենք լավացնել կյանքը մեր երկրում», – ասաց դիվանագետը։

Արդյո՞ք արգենտինացիները չեն տխրել, որ 2018 թվականի ֆուտբոլի առաջնության ժամանակ պարտվել են ֆրանսիացիներին հարցին դեսպանը որպես իսկական արգենտինացի պատասխանեց։

«Իհարկե, մենք տխրել էինք։ Քանի որ ֆուտբոլը մեր կյանքի շատ կարևոր մասն է։ Բայց մենք միևնույնն է շատ ենք սիրում ֆրանսիացիներին»,  –լայն ժպիտով ասաց Ուրիոլաբեիտիան։

Մնացականյան. Ֆրանկոֆոնիան կանդրադառնա չլուծված հակամարտություններին

Ֆրանսերենի ուսուցումն Արգենտինայում ավանդականորեն զարգացած է։ Դեսպանն ավելացրեց, որ այն կարելի է անվանել երկրում երրորդ լեզուն` իսպաներենի ու անգլերենից հետո։

«Մեզ մոտ նույնիսկ միջնակարգ դպրոցներում այն պարտադիր ուսումնասիրում են», – նշեց նա։

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ երկկողմանի հարաբերություններին, ապա դեսպանն ընդգծեց, որ դրանք այնքան զարգացած են, որ լրացուցիչ խթանների կարիք չունեն։ Արգենտիանյում մոտ 130 հազար հայ է ապրում, նրանց սիրում ու գնահատում են։ Իսկ Արգենտինան իր հերթին Հայաստանի տնտեսության խոշորագույն ներդրողներից է։

Նշենք, որ բոլոր այդ ներդրումները կապված են արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանի հետ։ Նրա ընկերությունները ղեկավարում են օդանավակայաններն ու Հայաստանի ազգային փոստը, նաև սեփական գինի են արտադրում։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 11-12 –ին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ժամանելու են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի ու Բելգիայի վարչապետներ Ջասթին Տրյուդոն ու Շարլ Միշելը, նաև բարձր մակարդակի պատվիրակություններ աշխարհի տասնյակ երկրներից: