Հայաստանում սննդային հավելումներ կարտադրեն

Կանադահայ գործարարը մտադիր է հայրենիքում վիտամիններ ու սննդային հավելումներ արտադրել, բայց արտադրանքը գրեթե ամբողջությամբ կսպառվի դրսում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. 2019թ.–ի սկզբին Հայաստանում կմեկնարկի սննդային հավելումներ արտադրող գործարանի կառուցումը։ Բիզնես ծրագրի հեղինակը կանադական «Ատլաս Ֆարմասյութիքալ» ընկերության հայազգի տնօրեն Գիրո Ջեբենյանն է, ով այսօր Երևանում լրագրողներին ներկայացրեց գործարանի ու արտադրության մասին իր պատկերացումները։

Հայ գործարարը նախատեսում է այդ նպատակի իրագործման համար ներդնել 1-1.5 մլն դոլար։ Կբացվի շուրջ 30 մշտական աշխատատեղ։

Ուր կարելի է արտահանել «պատժամիջոցներից տուժած» հայկական փայլաթիթեղը. տնտեսագետի առաջարկը

«Հատկապես վիտամին D–ի և E–ի արտադրության վրա են աշխատում։ Նախկինում Հայաստանում կար վիտամին D-ի գործարան, որի արտադրանքը, եթե չասենք ամբողջ աշխարհում էր սպառվում, ապա գոնե աշխարհի կեսում։ Այսօր այդ գործարանը փակված է։ Մենք մտադիր ենք վերականգնել։ 2-3 տարի հետո դուք կլսեք, որ արդեն նույնիսկ հայկական հումքով ենք աշխատում»,– ասաց Ջեբենյանը։

Թե որտեղ է հիմնվելու նոր գործարանը, դեռ որոշված չէ։ Սեփականատերը նշեց, որ Բիզնես Արմենիայի մասնագետների օգնությամբ մի քանի արտադրական տարածք դիտարկվում են, այդ թվում` մարզերում։

«Ինձ այս ծրագիրը դուր է եկել, որովհետև, արտադրանքի մեծ մասը, եթե չասենք` ամբողջը, արտահանվելու է ԵԱՏՄ տարածք, հիմնականում` ՌԴ` օգտվելով անմաքս առևտրի ընձեռած հնարավորություններից»,– լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

Կառուցվող նոր գործարանն, ի դեպ, միայն դեղորայքային որակի ու նշանակության հավելումներ է արտադրելու, այլև կից ունենալու է կլինիկական ուսումնասիրության հետազոտական կենտրոն։

Գործարար Գիրո Ջեբենյանի և Բիզնես Արմենիայի միջև համագործակցության հուշագիրը ստորագրվեց այսօր։

Բիզնես ծրագրի իրագործման ու ներդրումների պայմանավորվածությունն ի դեպ, ձեռք է բերվել հունիսին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած արտագնա առաքելության Կանադա կատարած գործնական այցի ընթացքում։