ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Աշխատանքային այցով Անթալիայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է նրանց կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Սլովակիայի խորհրդարանում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու ու պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու համար:
Կողմերը քննարկել են միջխորհրդարանական կառույցներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների համագործակցված աշխատանքի արդյունավետությանը վերաբերող հարցեր: Էդուարդ Շարմազանովը կարևորել է Սլովակիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուտափույթ վավերացումը:
Անդրադարձ է կատարվել անվտանգության խնդիրներին: Էդուարդ Շարմազանովն իր մտահոգությունն է հայտնել սլովակյան «MSM Martin» ընկերության կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի կապակցությամբ՝ այն համարելով մտահոգիչ և անընդունելի:
«Այդ պետությունը զենքը կիրառում է Արցախի խաղաղ բնակիչների դեմ»,-ընդգծել է խորհրդարանի փոխխոսնակը:
Կողմերը կարևորել են բոլոր հակամարտությունների, այդ թվում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը: