Շարմազանովը Թուրքիայում պատասխանել է ադրբեջանցի պաշտոնյանի Արցախի մասին ելույթին

ՀՀ ԱԺ փոխնախագահն այսօր Անթալիայում արձագանքել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահի` Արցախի մասին ելույթին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Անթալիայում ընթացող Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովում Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Օգտայ Ասադովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, խոսել Հայաստանի կողմից ԼՂ տարածքների 20 տոկոս «օկուպացիայի», Հայաստանի ու Արցախի ռազմական «սեպարատիզմի», Հայաստանի «ագրեսոր» լինելու մասին:

«Սլովակիայի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստը մտահոգիչ է և անընդունելի». Շարմազանով

Հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը` միաժամանակ տեղեկացնելով, որ այս ելույթն անպատասխան չի մնացել։ Դրան արձագանքել է համաժողովին մասնակցող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը։

«Ադրբեջանցի իմ գործընկերը խոսեց խնդրի խաղաղ կարգավորման մասին: Պարոն Ասադով, եթե դուք իրոք ուզում եք լուծել խնդիրը, ապա նախևառաջ պետք է ճանաչեք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը»,– ասել է Շարմազանովը։

Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը նաև շեշտել է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը աշխատանքային այցով մեկնել է Անթալիա՝ մասնակցելու Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովին: