Սուրիկ Խաչատրյանի երևանյան առանձնատունն ապօրինի է. ո՞ւմ կդատեն

Սյունիքի նախկին մարզպետն 8 տարի շարունակ ապօրինի շինարարություն է արել։ Սուրիկ Խաչատրյանի անօրինական շինարարության վրա «աչք փակած» պաշտոնյաները պատասխան կտան օրենքի առաջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան շինարարության վերաբերյալ քրեական գործ է հարուցվել քաղաքապետարանի ներկա ու նախկին պաշտոնյաների նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքը։

Սուրիկ Խաչատրյանի Երևանի տան շինարարության էպոպեան. ի՞նչ կպարզի դատախազությունը

Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական, անձնական այլ շահագրգռությունից ելնելով ծառայողական պարտականությունները չկատարելու փաստով։ Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ըստ դատախազության, իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար  անձինք չեն կատարել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով սահմանված ծառայողական պարտականությունները, այն է` չեն տուգանել առանց թույլտվության առանձնատուն կառուցողին, տվյալ դեպքում` Սյունիքի նախկին մարզպետին։

Դատախազությունը հաշվարկել է, որ առանձնատան արժեքը 357 մլն դրամ է, հետևաբար դրա 1 տոկոսի չափով տուգանքը պետք է կազմեր 3.570.870 դրամ։

Ասել է թե` այս չափով նյութական վնաս է պատճառվել Երևան համայնքին։

Նշենք, որ քրեական գործը հարուցվել է «Հետք» էլեկտրոնային թերթում 2018թ. օգոստոսի 24-ին հրապարակված «Սուրիկ Խաչատրյանն իր առանձնատունը 8 տարի կառուցել է առանց շինթույլտվության» վերտառությամբ հրապարակման մեջ նշված հանգամանքներն ուսումնասիրելու ընթացքում բացահայտված խախտումների հիման վրա: