Գյուլբուդաղյանցը հավաքականում. ի՞նչ սպասել ապագայում

Ազգերի լիգայի խաղարկության Ջիբրալթարի և Մակեդոնիայի հետ երկու կարևոր խաղերի մեկնարկին քիչ ժամանակ էր մնում: Հայաստանի հավաքականը առանց գլխավոր մարզիչ էր: Եվ Ջիբրալթարի հետ խաղից երեք օր առաջ հավաքականի մարզիչ նշանակվեց Արմեն Գյուլբուդաղյանցը:
Sputnik

Կլինեն մարդիկ (միշտ էլ այդպես եղել է) որոնք կդժգոհեն, կլինեն և այնպիսիք, որ կփորձեն վիճարկել այս նշանակումը, բայց կան մարդիկ, որոնք ընդունեցին գլխավոր մարզչի այս տարբերակը՝ որպես սպասելի:

Ազգերի լիգայի խաղարկությունում Հայաստանի հավաքականը առայժմ հաջող հանդես չի գալիս: Արդյունքի տեսանկյունից, ամեն ինչ դեռ կորած չէ: Բայց Լիխտենշտեյնի(սեփական հարկի տակ) ու Մակեդոնիայի (մրցակցի հարկի տակ) մեր ընտրանու խաղը մեղմ ասած խոստումնալից չէր: ՀՖՖ նախագահի ընտրություններից մեկ օր առաջ Վարդան Մինասյանը հրաժարական տվեց: Փաստորեն ՀՖՖ նոր ղեկավարությունը երկու շաբաթից մի փոքր ավելի ժամանակ ուներ հավաքականի նոր մարզիչ նշանակելու համար. ծայրահեղ քիչ ժամանակ:

Հայաստանի հավաքականի նոր մարզիչը կողմնորոշվեց ֆուտբոլիստների հարցում. Յուրան վերադառնում է

Բայց Արմեն Գյուլբուդաղյանցի հավաքական գալը նշանակում է, որ ՀՖՖ ցայտնոտում չի հայտնվել: Անկասկած՝  արտասահմանցի մարզիչ նշանակելու փորձ եղավ: Անուններ չէին նշվում, բայց բանակցությունները մի քանի ուղղություններով էին ընթանում: Վերջապես ոմանք չհամաձայնեցին առաջարկված պայմաններին (հիմնականում ֆինանսների), ոմանք էլ արկածախնդրություն համարեցին կարճ ժամանակահատվածում Հայաստանի հավաքականի խաղը կարգավորելը:

Հիմա այս ամենն արդեն էական չէ: Արտասահմանցի մարզչի ընտրության դեպքում մենք միշտ էլ մեծ հույսեր ենք կապել, բայց հիմա լավ հիշողությունները կապված են միայն Յան Պորտերֆիլդի հետ: Նշանակում է հայ մասնագետն անհամեմատ նվիրված է աշխատելու: Սակայն նվիրումը միշտ չէ, որ արդյունք է ապահովում: Ուրեմն մեզ հարկավոր էր հա՛մ նվիրված, հա՛մ էլ գիտելիքներով ու մարզչական աշխատանքի մեծ փորձ կուտակած մարդ: Այդ առումով Արմեն Գյուլբուդաղյանցը միանշանակ համապատասխանում է: Բացի այդ մեր հավաքականի շատ ֆուտբոլիստներ, սկսած Հենրիխ Մխիթարյանից, հենց Գյուլբուդաղյանցի սաներն են ու  միշտ էլ սերտ կապ են պահպանել իրենց նախկին ու արդեն ներկայիս մարզչի հետ:

Արմեն Գյուլբուդաղյանցը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է

Հասկանում եմ, որ ոմանք հիմա կասեն, որ Գյուլբուդաղյանցը մարզչական աշխատանքում մեծ արդյունքների չի հասել աշխատելով տարբեր տարիքային հավաքականներում: Բայց հավատացեք, որ ազգայինը այդ առումով լրիվ այլ բան է: Ու Արմեն Գյուլբուդաղյանցը հաստատ իր ուժերն ու գիտելիքները կներդնի հավաքականին նոր լիցք հաղորդելու համար: Նա այդպիսի մարդ է: Իսկ թե ինչ արդյունք կգրանցվի դա ցույց կտա ժամանակը:

Արթուր Պետրոսյանի նշանակվելուց առաջ մեր հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչը նշեց, որ կախարդական փայտիկ չունի: Այնպես չէ, որ Գյուլբուդաղյանցը ունի: Սակայն մարզչին հիմա հոգեբանական աջակցություն է հարկավոր այս ծանր ու ինչ որ տեղ անշնորհակալ աշխատանքի համար: Չէ, որ հաղթում է թիմը և պարտվում մարզիչը: Իսկ հիմա մեզ պետք է թիմային մոտեցում: Թող հաղթեն մարզիչն ու թիմը: Պարտության մասին եկեք չմտածենք: