ՀՀԿ տարբեր անդամների հայտարարությունները կուսակցության տեսակետը չեն. Շարմազանով

ՀՀԿ խոսնակը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է նախկին ու ներկա կուսակիցների հայտարարությունները` Նիկոլ Փաշինյանի առաջարկած արտահերթ ընտրություններին աջակցելու մասին։ Կուսակցության Գործադիր մարմնի նիստում նրանց հարցը դեռ կքննարկեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Հանրապետական կուսակցության անդամներից մի քանիսի հայտարարությունները` Նիկոլ Փաշինյանի առաջարկած արտահերթ ընտրություններին աջակցելու մասին, ՀՀԿ–ի միասնական տեսակետը չէ։

Շարմազանով. «ՀՀԿ–ի նիստում Փաշինյանի հրաժարականի հարցը չի քննարկվել»

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Եթե դա լիներ ՀՀԿ–ի միասնական դիրքորոշումը, խմբակցության ղեկավարն այսօր այդ մասին կհայտարարեր։ ՀՀԿ–ն իր գնահատականը տվել է` մենք դեմ ենք հապճեպ, հրատապ խորհրդարանական ընտրություններին, մենք կողմ ենք խնդրի սահմանադրականության, ԱԺ անկախության պահպանմանը, խնդրին երկխոսության միջոցով հանգուցալուծում տալուն, որտեղ ո՛չ պետության, ո՛չ քաղաքական համակարգի շահը չի տուժի։ Եվ, առհասարակ, մենք դեմ ենք վերջնագրերին»,– ասաց Շարմազանովը։

Ինչ վերաբերում է պատգամավորների հայտարարություններին, ԱԺ փոխնախագահը նշեց, որ յուրաքանչյուր պատգամավոր իր կարծիքն ունի։ «Ինչպես նախկինում որոշ հանրապետականներ իրենց կարծիքը փոխել են և այլ կարծիք են արտահայտել, հիմա էլ է նույնը։ Մարդիկ իրենց կարծիքն ունեն»,– ասաց նա` հավելելով, որ կարիք չի տեսնում նրանց հայտարարությունները մեկնաբանելու։

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ այդ հայտարարություններն արվել են նույն օրը և գրեթե նույն ժամին, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Արման Սահակյանը ՀՀԿ անդամ չէ, երկուսը` Ալիկ Սարգսյանն ու Գևորգ Կոստանյանն են խոսել, նրանց հարցրեք։ Ես նրանց փոխարեն չեմ կարող որևէ բացատրություն տալ»։

Ինչ վերաբերում է հիշյալ պատգամավորների նկատմամբ կուսակցության դիրքորոշմանն ու նրանց նկատմամբ հնարավոր միջոցներ կիրառելուն, ՀՀԿ խոսնակը նշեց, որ եթե ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում հարցը քննարկվի ու որոշում կայացվի, այն կհրապարակվի։

«Մեծ հարգանք ունենալով բոլոր իմ գործընկերների նկատմամբ, ասեմ, որ նրանց լավատեսական կարծիքը Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեության նկատմամբ չեմ կիսում»,– ասաց նա։

Իսկ դիտարկմանը, թե արված հայտարարությունները նախանշում են ՀՀԿ–ից դեպի Փաշինյանի ճամբար «առնետավազքի» մեկնարկը, Շարմազանովը չցանկացավ մեկնաբանություն տալ։

Հիշեցնենք, այսօր պատգամավոր Արման Սահակյանը, որը ՀՀԿ խմբակցությունից դուրս էր եկել հունիսին, ֆեյսբուքում հայտարարել էր, որ կողմ է Ազգային ժողովի լուծարմանն ու  դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացմանը։ Նրա այս հայտարարությանը հետևեց նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հայտարարությունը, թե պատրաստվում է լքել ՀՀԿ–ն ու չի մասնակցելու արտահերթ ընտրություններին` երբ էլ դրանք անցկացվեն։

Ավելի ուշ, «Ազատության»–ը տված հարցազրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Կոստանյանը նույնպես հայտարարեց, որ  աջակցում է Փաշինյանին, պատրաստ է կանգնել նրա կողքին ու անհրաժեշտ է համարում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը: