Նրանք ԵԽԽՎ–ում իրավիճակը խեղաթյուրված են ներկայացնում.Փաշինյանը ՀՀԿ–ին կոչ արեց կանգ առնել

Միջազգային կառույցներում ՀՀԿ պատգամավորների պահվածքը ևս մեկ անգամ հաստատում է արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը, պնդում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավորներին դադարեցնել «միջազգային կառույցներում երկրում տիրող իրավիճակի մասին ապատեղեկատվությունը տարածել»։ Այդ մասին նա հայտարարեց այսօր լրագրողների հետ զրույցում։

«Մեղադրանքները պայմանավորված են անտեղյակությամբ». Արփինե Հովհաննիսյան

«Առաջին օրվանից (Հայաստանում բողոքի ցույցերի) նրանք փորձում են խեղաթյուրված ներկայացնել երկրում տիրող իրավիճակը։ ՀՀԿ մեր պատգամավորներին ասեմ, որ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությանն ամենևին պատիվ չի բերում, որ նրանք փորձում են ՀՀ-ում իրադարձություններն այլ լույսի ներքո ներկայացնել, և սա ևս մեկ փաստարկ է, որ պետք է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան: ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը, ըստ էության, ոչ մեկին չի ներկայացնում, ներկայացնում է նախկին կոռուպցիոն համակարգը, նրանց ասածներին ընդհանրապես լուրջ վերաբերվել պետք չի», – ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ արտասահմանյան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփման ընթացքում ոչ մի դժգոհություն չի նկատել` կապված արտահերթ ընտրությունների հետ։

Ավելի վաղ ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովը որոշում է ընդունել Հայաստան ուղարկել համազեկուցողների` հանրապետությունում ներքաղաքական իրավիճակին հետևելու։ Հոկտեմբերի 3–ին Հայաստանի մասին համազեկուցող, ուկրաինացի պատգամավոր Յուլյա Լավոչկինան իր հատուկ հայտարարությունում կոչ է արել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին հարգել ժողովրդավարական արժեքները և օրենքի գերակայությունը։

Այս պատճառով ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանին մեղադրում են, որ նա և իր գործընկերները «աղբը դուրս են հանում տնից»` փաստացիորեն դրդելով ԵԽԽՎ–ին ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների վրա։