Գաղտնալսումների գործով կան հարցաքննվածներ. Քննչականի նախագահը նոր մանրամասներ հայտնեց

Հայ մասնագետները պաշտոնյաների գաղտնալսումները քննելու համար արտասահմանյան փորձագետների օգնության կարիքը չունեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման քրեական գործով միջազգային փորձագետների ներգրավման կարիք չկա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը։

«Մեր մասնագետներն ունեն բավարար մասնագիտական գիտելիքներ, կարողություններ և տեխնիկական միջոցներ: Համապատասխան փորձաքննությունները նշանակված են: Արդյունքներով կկայացնենք համապատասխան որոշումներ»,– ասաց նա։

Գաղտնալսման գործով հարցաքննվել են Վանեցյանը, Խաչատրյանն ու դատավորը

Ինչ վերաբերում է նախաքննության ընթացքում հարցաքննված անձանց ու իրականացված քննչական գործողություններին, ՔԿ նախագահը կարծիք հայտնեց, որ այս պահին ճիշտ չի լինի դրանց մասին խոսելը։

Հայկ Գրիգորյանը չցանկացավ հայտնել նաև, թե ուր են տանում բացահայտումների թելերը` գաղտնալսումն իրականացվել է Հայաստանում, թե՞ դրա սահմաններից դուրս։

Գրիգորյանը նաև հայտնեց, որ ԱԺ–ում գաղտնալսումների հարցով ստեղծված քննիչ հանձնաժողովից առ այսօր որևէ հարցում չեն ստացել։

Ի դեպ, ՔԿ պետը լրագրողներին հավաստիացրեց, որ Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ավարտից հետո իրենք կանդրադառնան հանրային հնչեղություն ունեցող այս գործին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնվել էր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ վերջինները խոսում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշում կայացնող դատավորի մասին` նշելով, որ վերջինը զանգահարել է` ճշտելու, թե ինչպես վարվի։ Ավելի ուշ պաշտոնյաները հանդիպել էին լրագրողների հետ ու տվել այդ խոսակցության շուրջ իրենց պարզաբանումները։