ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը գիտի, թե որքան կարևոր է խաղաղ գոյակցությունը։ Այս մասին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) երկրների նախարարների համաժողովի բացմանը։ Համաժողովը տեղի է ունենում Երևանում Ֆրանկոֆոնիայի երկրների առաջնորդների գագաթնաժողովի նախաշեմին։
Մնացականյանը շնորհակալություն է հայտնել նախորդ նախարար Էդվարդ Նալբանդյանին, որի աշխատանքի շնորհիվ OIF ղեկավարությունը որոշում է ընդունել գագաթնաժողովն անցկացնել Երևանում։
Նա առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել վերջերս կյանքից հեռացած Վիետնամի նախագահի` Ֆրանկոֆոնիայի շարժման ակտիվիստի, ինչպես նաև անկրկնելի Շառլ Ազնավուրի հիշատակը։
«Մենք վշտացած ենք Շառլ Ազնավուրի` մեծ ֆրանսիացու, մեծ հայի, աշխարհի մեծ քաղաքացու կորստով։ Ֆրանկոֆոնիան զրկվել է իր մեծագույն դեսպանից։ Հարգելի՛ գործընկերներ, տիկնայք և պարոնայք, խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել նրա հիշատակը։ Մարդու հիշատակը, որն իր կյանքը նվիրել է համերաշխության և մարդասիրության արժեքներին` Ֆրանկոֆոնիայի արժեքներին», – հայտարարել է Մնացականյանը։
Անկասկած, Ֆրանկոֆոնիան կարևոր գործիք է Հայաստանում ֆրանսերենը տարածելու համար։ Բայց հանրապետության համար Ֆրանկոֆոնիան ոչ միայն լեզուն է, այլ նաև միջոց համաշխարհային մշակութային բազմազանությանը սատարելու և համամարդկային արժեքներին համերաշխություն հայտնելու համար։ Խաղաղ գոյակցության և փոխադարձ հարգանքի գաղափարները շատ կարևոր են միջազգային հարաբերություններում կայունության համար։
«Երբ մենք ասում են Ֆրանկոֆոնիայի կարգախոսը` «Ապրել միասին», մենք նկատի ունենք ոչ միայն կառավարությունները։ Մեր ուշադրության կենտրոնում երկու երկրների հասարակություններն են։ Շատ կարևոր է հաղորդակից դարձնել մեր հասարակություններին մարդասիրության և խաղաղ գոյակցության արժեքներին։ Մենք դրա համար հնարավոր ամեն ինչ անում ենք», – ասաց նախարարը։
Կարևոր է Ֆրանկոֆոնիայի հնարավորություններն օգտագործելը` կրթական, տնտեսական և մշակութային կապեր հաստատելու համար, հավելեց նա։
«Հայաստանն անցնում է ժողովրդավարական արժեքների ամրապնդման կարևոր շրջան։ Հուսով եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը կկարողանա իր համար բացահայտել նոր Հայաստան, ընդ որում` նրա հարուստ պատմության, մշակույթի ֆոնին` համահունչ Ֆրանկոֆոնիայի արժեքներին», – եզրափակեց Մնացականյանը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 11-12 –ին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ժամանելու են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի ու Բելգիայի վարչապետներ Ջասթին Տրյուդոն ու Շարլ Միշելը, նաև բարձր մակարդակի պատվիրակություններ աշխարհի տասնյակ երկրներից։