ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Մեծածավալ քննչական գործողություններ են իրականացվում Երևան–Բաքու երկաթուղու Մեղրի-Կապան հատվածի երկաթգիծն ապամոնտաժելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, նախնական քննության տվյալներով՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված կոնցեսիոն պայմանագրի հիման վրա՝ 01.06.2008թ. հանձնման-ընդունման ակտերի համաձայն՝ Երևան-Բաքու երկաթգծի Մեղրի-Կապան հատվածը՝ շուրջ 40 կմ. երկարությամբ, հանձնվել է ընկերությանը՝ 126.590.817 դրամ մնացորդային արժեքով, սակայն 2010-2011 թվականների ընթացքում երկաթգծի նշված հատվածն ամբողջությամբ ապամոնտաժվել և հափշտակվել է:
Հաշվի առնելով քրեական գործի նախաքննության նկատմամբ հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ պատճառված հնարավոր նյութական վնասի առկայությունն ու դրա չափը, ինչպես նաև քրեական գործով նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու համար վարույթն իրականացնող մարմնի կողմից ՍՊԸ-ում նշանակվել է ստուգում, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: