Բռնապետությունը կանխելու երաշխիքը Սահմանադրությունն է. Աշոտյան

Արմեն Աշոտյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Վաղարշապատում ունեցած ելույթի դրվագներից մեկին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik.  Երկրում բռնապետությունը կանխելու և ժողովրդավարությունը պահպանելու համար ավելի ուժեղ երաշխիք կա, քան աղբամանն է։ Հակադարձելով ՀՀ վարչապետի Էջմիածին քաղաքում արած հայտարարությանը, թե «եթե որևէ մեկի մտքով անցնի ՀՀ-ում բռնապետություն հաստատել, նա կհայտնի ոչ միայն պատմության, այլ նաև «Սանիթեքի» աղբանոցում», ֆեյսբուքի իր էջում գրել է Արմեն Աշոտյանը:

Նա հիշեցրել է, որ  այդ երաշխիքը ՀՀ Սահմանադրությունն է:

«Դրսևորեք պետական գործչին հարիր քաղաքական կամք, վերադարձրեք գործընթացները քաղաքական բազմակարծության եւ երկխոսության դաշտ, հարգեք Սահմանադրությունը և Հայաստանում ոչ մի բռնապետ չի լինի»,-գրել է ՀՀԿ նախագահի տեղակալը:

Մանդատդ տուր, գնանք նոր մանդատի հետևից. ԱԺ-ն ցրելու նոր տարբերակ

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Էջմիածին քաղաքում ունեցած ելույթի ավարտին հայտարարել էր՝ «այսօր շատ են բողոքում, թե ՀՀ-ում բռնապետություն է հաստատվում, ոմանք շաբաթը մի քանի անգամ գնում են բրյուսելներ, վաշինգտոններ, բայց ՀՀ-ում որևէ մեկը չի կարող բռնապետություն հաստատել: Չի կարող, ով ուզում է լինի: Անկախ նրանից՝ կուզի, թե ոչ: Եթե որևէ մեկի մտքով անցնի ՀՀ-ում բռնապետություն հաստատել, նա կհայտնի ոչ միայն պատմության, այլ նաև «Սանիթեքի» աղբանոցում»: