Շվեդիայում 8–ամյա աղջիկը 1500 տարեկան սուր է գտել

Երեխայի հայրը սկզբում մտածել է, որ գտածոն որևէ պատմական արժեք չունի, բայց մասնագետների հետ խորհրդակցելուց հետո պարզվել է, որ դուստրն արժեքավոր իր է գտել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. Շվեդիայում ապրող 8 տարեկան Սագա Վանեչեկը հին սուր է հայտնաբերել երկրի հարավում գտնվող լճերից մեկում։ Այս մասին հայտնում է The Local պարբերականը։

Աղջիկը պատմել է, որ կանգնած է եղել լճի մոտ, փայտիկներ և քարեր է նետել ջուրը… Հետո փայտանման ինչ-որ բան է նկատել։

«Ես վերցրի և արդեն ուզում էի գցել ջուրը, բայց հետո տեսա, որ կոթ ունի… Բարձրացրի և ասացի` հայրիկ, ես կարծես թե սուր եմ գտել», — պատմել է աղջիկը:

Որոշ տվյալների համաձայն`գտածոն թվագրվում է մ.թ. 5-6 դարերով։ Երեխայի հայրը սկզբում մտածել է, թե գտածոն որևէ պատմական արժեք չունի, բայց մասնագետների հետ խորհրդակցելուց հետո պարզվել է, որ այն արժեքավոր նմուշ է։ Սուրը, հավանաբար, պատկանում է այն դարաշրջանին, երբ Սկանդինավիայում դեռ չէր սկսվել վիկինգների դարաշրջանը։