«Կռունկը» երգելիս նա հայ էր դառնում. ինչպես Մոնսերատ Կաբալյեն սիրտն առաջարկեց Արցախին

Նա երգում էր Կոմիտասի «Կռունկը» և հայ էր դառնում, իսկ մենք ապշահար լսում և հասկանում էինք` այն մանր գործերից վեր, որով զբաղված ենք մենք` սովորական մահկանացուներս, անհասանելի մի մակարդակ կա, որն անցնելուց հետո մարդը դառնում է Տիեզերքի քաղաքացի։
Sputnik

Մոնսերատ Կաբալյեն հեռացավ կյանքից` թողնելով մեզ «Կռունկը», «Բարսելոնան», «Նորման» և այն ամբողջ երգացանկը, որը կազմված էր մեծագույն օպերաներից։

Դաժան շաբաթ էր, ծանր կորուստներ ունեցանք… Թեև շաբաթն ամենևին էլ մեղավոր չէ. կյանքն է այդպիսին, նրա օրենքներն են այդպիսին. մեծանուն մարդիկ լքում են մեզ միայն ֆիզիկապես` մեզ տարածք ընծայելով, որպեսզի ավելի լավը դառնանք։ Իհարկե, նրանց համար, ովքեր ի զորու են ավելի լավը դառնալ։

Մոնսերատը հեռացավ Շառլից հետո։

Մոնսերատ Կաբալյեն մահացավ. հայերի բարեկամներից մեկն էլ հեռացավ

… 1964 թվականն էր։ Այդ օրը Կաբալյեն երգում էր «Մադամ Բատերֆլայը», տղամարդու պարտիան կատարող նրա զուգընկերը, վատառողջ էր։ Փոխարինելու դուրս եկավ բարիտոն Բերնաբե Մարտին։ Օպերայում համբույրի տեսարան կար, և Մարտին այնքան կրքոտ համբուրեց բեմում կանգնած Մոնսերատին, որ գործն ավարտվեց հարսանիքով։

Մի քանի տարի անց Մարտին լքեց բեմը, ասում էին, որ նա չի ցանկանում լինել կնոջ ամենակուլ տաղանդի ստվերում, սակայն հազիվ թե նա հարսանիքից առաջ չէր գիտակցում Կաբալյե անունով բարձունքի անհաղթահարելի լինելը։ Հավանաբար, պարզապես իրեն նվիրեց ընտանիքին` ժամանակ ազատելով իր անկրկնելի կնոջ համար և կնոջն ազատելով բոլոր հոգսերից` բեմականից բացի։

Երիտասարդ տարիքում ավտովթարից տուժած Մոնսերատը մի քանի տարի անց սկսեց զգալ հետևանքները. ինչպես բացատրեցին բժիշկները, այն ժամանակ գլխուղեղի զգայարաններն էին վնասվել, որոնք պատասխան են տալիս լիպիդային փոխանակության համար, և երգչուհին սկսեց արագ քաշ հավաքել։ Կաբալյեն ասում էր, որ մեկ բաժակ ջուրը նրա վրա ազդում է նույնքան, որքան մեկ ուրիշի վրա կազդեր տորթի մի մեծ կտորը։ Եվս մի քանի տարի անց նրա մոտ քաղցկեղ ախտորոշեցին։

Նա միայն ուսերն էր թոթվում։ Նա վեր էր ֆիզիկական տկարությունից. դիետաներ էր սահմանել, կառուցվածքի թերությունները կոծկել ճիշտ հագուստով, իսկ քաղցկեղին պարզապես ուշադրություն չէր դարձնում։ Եվ ապրեց 85 տարի։

Монсеррат Кабалье исполняет песню Комитаса "Крунк"

Քաղաքականությունն ընդհանրապես որևէ կերպ չազդեց երգչուհու կյանքի վրա։ Հայաստան գալով` նա նույնիսկ չէր էլ մտածում` արժե՞ արդյոք Արցախ մեկնել։ Մեկնեց, այն էլ մի քանի անգամ, իսկ 2013 թվականի վերջում լույս տեսավ «Հայաստան և Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմը։

«Արցախը պարզապես քրիստոնեության կղզյակ չէ, այլ քրիստոնեության ակունք։ Իսկ ես քրիստոնյա եմ մինչև մատներիս ծայրը, ես սիրահարվեցի Արցախին», — ասել էր Կաբալյեն այն ժամանակ։

Մաեստրո Ազնավուրի կյանքի փիլիսոփայությունը. տեսաուղերձ

Ինչ-որ մեկն ինչ-որ մեկին դիվանագիտական և այլ նոտաներ էր հղում, նրան ինչ-որ բանի մասին էին նախազգուշացնում, իսկ երգչուհին սովորականի պես թոթվում էր ուսերը։

Երկրորդ անգամ Ստեփանակերտ այցելեց թոռան հետ։ «Այստեղ եմ եկել որպես երգչուհի։ Բացի այդ, ներկայացնում եմ ՄԱԿ-ը։ Ձեզ եմ առաջարկում ձեռքս ու սիրտս», — այն ժամանակ ասել էր նա։

Մեծագույն պատիվ է մեծերի կողմից արժանանալ ձեռքի և սրտի առաջարկին։ Սակայն նաև մեծ պատասխանատվություն է արժանի լինել այդ առաջարկին։

Մեծերը հեռանում են և այնտեղից` վերևից, միշտ ներքև նայում. ոչ բոլորին, միայն նրանց, ով կարող է որևէ բանի հասնել ինքնուրույն։ Նրանք ուրախ կլինեին բոլորին նայել, սակայն մենք, ցավոք, դեռ չենք կարող նրանց այդպիսի փոքր ուրախություն պարգևել։