Մոնսերատ Կաբալյեն մահացավ. հայերի բարեկամներից մեկն էլ հեռացավ

Հանրահայտ երգչուհին մահացել է Բարսելոնայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. Համաշխարհային ճանաչում ունեցող օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն մահացել է 85 տարեկանում։ Այս մասին հայտնում է Ֆրանս Պրես գործակալությունը։

Մոնսերատ Կաբալիեն կատարում է Կոմիտասի «Կռունկը»

Սեպտեմբերի վերջին նա բուժվում էր Բարսելոնայի հիվանդանոցներից մեկում։ Առավել հայտնի է իտալացի կոմպոզիտորների (Ռոսսինի, Բելլինի, Դոնիցետտի, Վերդի) «բել կանտո» ոճի երաժշտության կատարող։ Համարվում է 20-րդ դարի լավագույն սոպրանոներից մեկը։

1974 թվականին ճանաչվել է Միացյալ ազգերի կազմակերպության պատվավոր դեսպան, 1991 թվականին՝ Խաղաղության դեսպան։ Նա նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան է 1994 թվականից:

2013 թ. հունիսի 7-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով։ Աշխարհահռչակ օպերային երգչուհին 2013 թվականին այցելել էր Արցախ, հանդիպել երկրի բարձրագույն ղեկավարության հետ ու իր հիացմունքն արտահայտել հայկական քրիստոնեական հուշարձանների առատության վերաբերյալ։ Դրանից հետո Ադրբեջանից արագ տեղեկություն էր տարածվել, որ Կաբալյեի համերգն Ադրբեջանում այլևս անհնարին կլինի։ Աշխարհահռչակ երգչուհին համալրել էր այն քաղաքական, մշակութային ու հասարակական գործիչների շարքը, որոնց անուններն ընդգրկված են տխրահռչակ «սև ցուցակում»։