Հայաստանի օդանավակայաններից մեկն առաջարկում են անվանափոխել Ազնավուրի պատվին

Համացանցի հայկական տիրույթում քննարկվում է Հայաստանի օդանավակայաններից մեկը Շառլ Ազնավուրի պատվին անվանափոխելու հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում առաջարկում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը անվանափոխել ի պատիվ մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի։ Այս գաղափարը հնչեցրել է սփյուռքի նախարարի նախկին խորհրդական Վրույր Փենեսյանը։

«Առաջարկվում է Զվարթնոց միջազգային օդանավակայանի նոր մասնաշենքը անվանափոխել հայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով: Վստահ եմ, որ այս միտքը, ողջունելի կլինի ոչ միայն համայն հայության կողմից, այլ նաև՝ ողջ աշխարհի»,- Facebook-ի իր էջում գրել է Փենեսյանը։

Կան նաև մարդիկ, որոնք առաջարկում են մաեստրոյի պատվին անվանափոխել Գյումրու «Շիրակ» օդանավակայանը։ Նրանք ստորագրահավաք են սկսել change.org կայքում։

«Անվանելով Գյումրու օդանավակայանը «Շառլ Ազնավուր»` կհավերժացնենք նրա անունը և նոր ճիգ կտանք Շիրակի տարածաշրջանի զարգացմանը, որի վերականգնման համար մեծ ջանքեր դրել էր հենց ինքը` Ազնավուրը»,- գրել են ստորագրահավաքի հեղինակները։

Նշենք` Գյումրին առաջինն էր, որ Ազնավուրի կյանքի օրոք 2001 թվականի սեպտեմբերի 22-ին կանգնեցրեց նրա արձանը` ի նշան երախտագիտության, կարեկցանքի և սիրո։

Շառլ Ազնավուրը մահացավ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում։ Մահվան պատճառը թոքերի այտուցն էր։ Նրա մարմինն ամփոփվեց Մոնֆոր Լ'Ամողի քաղաքում (ֆր. Montfort-l'Amaury) գտնվող տոհմական դամբարանում` ծնողների և կյանքից վաղաժամ հեռացած որդու կողքին։ Դա շանսոնյեի ցանկությունն էր։ Հուղարկավորության օրը` հոկտեմբերի 6-ը, Հայաստանում սգո օր է հայտարարվել։