Արմեն Ղազարյանն Ադրբեջանի պատվիրակին մեղադրել է ՄԱԿ–ի հարթակը քաղաքականացնելու մեջ

Ղազարյանը ՄԱԿ–ի հարթակից հայտարարել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը` Սիրիայի փախստականներին մեր երկրում ինտեգրելու հարցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Ժնևում ընթացքող ՄԱԿ Փախստականների գծով հանձնակատարի (ՓԳՀ) գործադիր կոմիտեի հերթական` 69-րդ նստաշրջանի ժամանակ Հայաստանի պատվիրակ Արմեն Ղազարյանը խիստ պատասխան է տվել Ադրբեջանի պատվիրակի մեղադրանքներին` նշելով, որ Ադրբեջանը ևս մեկ անգամ ցուցադրեց իրենց ապակառուցողական մոտեցումը` պատմությունը ըստ իրենց պետության քաղաքական նախընտրությունների իսպառ ջնջելու սկզբունքով։

Փախստականների 30-ամյա խնդիրը. Նիկոլ Փաշինյանին են ուղղված հարյուր հազարավոր հայացքներ

Ադրբեջանցի պատվիրակի մեղադրանքներին, թե Հայաստանը շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի պատվիրակ ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը փաստեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում Հայաստանը ընդունել է շուրջ 4 հարյուր հազար փախստականների, որոնց գերակշիռ մեծամասնությունը հաջողությամբ ինտեգրվել է հայաստանյան հասարակությունում: «Մինչդեռ Ադրբեջանն ակնհայտորեն պահում է նրանց փախստականի ձգձգված կարգավիճակում` փորձելով օգտագործել քաղաքական նկատառումներով»,-ասաց Ղազարյանը:

Անդրադառնալով Սիրիայի փախստականների վերաբերյալ Ադրբեջանի կողմից հնչեցված մեղադրանքներին, թե Հայաստանն օգտագործում է նրանց քաղաքական նպատակներով՝ Ղազարյանը նշեց. «Դրանից չի նվազում մեր ցանկությունն ու պատրաստակամությունը շարունակելու մեր աջակցությունը եղբայրական երկրին,  որը միլիոնավոր հայ փախստականների է ընդունել 1915 թ.-ի Ցեղասպանությունից հետո, և մենք կշարունակենք ընդունել նրանց` ջանքեր  գործադրելով մեր երկրում նրանց միջազգային պաշտպանություն տրամադրելու հարցում»,-եզրափակեց նա:

Ղազարյանն ընդգծեց, որ Հայաստանը պահպանում է ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի կոչը` տվյալ հարթակը չքաղաքականացնելու և  հարցերը մարդասիրական համատեքստում դիտարկելու վերաբերյալ: