ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Շառլ Ազնավուրի միջոցով այսօր առիթ է հանդիսանում հիշեցնելու այն ինչ, որպես ազգ, մենք պարտավոր ենք բոլոր Հայերին, ովքեր, փախչելով իրենց հայրենիքից, եկել են մեծացնելու մեր հայրենիքը։ Twitter-ի իր միկրոբլոգում հայերեն գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Շառլ Ազնավուրը եղել է Հայաստանի որդին, դեսպանը, բարեկամը։ Նա, ով գիտեր Պատմության ողբերգությունը, ձայն տվեց նրանց, ում ցանկացել էին լռեցնել»,- հաջորդ գրառման մեջ նշել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահից հետո արդեն երկրորդ անգամ է հայերեն գրում Twitter-ի իր միկրոբոլոգում։ Հոկտեմբերի 2-ին նա գրել էր, որ Ազնավուրին հրավիրել էր միանալ Երևանի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։
94 տարեկան Ազնավուրը մահացավ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։ Այսօր Փարիզում կայացավ նրա հրաժեշտի արարողությունը, որին ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։
«Նա խոստացել էր ապրել 100 տարի». Մակրոնը հրաժեշտ տվեց Ազնավուրին
Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924թ.-ի մայիսի 22-ին Փարիզում՝ հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։
Ննջիր խաղաղությամբ, սիրելի Վարպետ. Փաշինյանի ելույթը Ազնավուրի հրաժեշտի արարողությանը
Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956թ.-ին Փարիզի դահլիճներից մեկում հաջող ելույթից հետո։ Նրա գրած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։
Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային թվով ձայնասկավառակ է վաճառել (180 մլն)։