Ամեն ինչ կորած չէ. Շախմատային օլիմպիադայում մեր հավաքականները հավակնում են մեդալների

Բաթումում այսօր՝ հոկտեմբերի 5-ին, վերջնագիծն է հատում շախմատի համաշխարհային օլիմպիադան: Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները հավակնում են մրցանակային տեղերի:
Sputnik

 

Հայաստանի տղամարդկանց հավաքականը նախավերջին տուրում 1.5:2.5 հաշվով պարտվեց Միացյալ Նահանգները ներկայացնող քառյակին: Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ–ոքի ավարտեցին իրենց պարտիաները, իսկ Հրանտ Մելքումյանը, որը մինչ այս մրցամարտը պարտություն չուներ, զիջեց մրցակցին: Այսպիսով՝ մեր հավաքականը տասը տուրերից հետո վաստակել է 15 միավոր և վերջին տուրից առաջ աղյուսակի յոթերորդ տեղում է: Բայց դեռևս ամեն ինչ կորած չէ:

Երկրպագուի աչքերով. Արոնյանի «արկածները» Բաթումի շախմատային օլիմպիադայում
 

Վերջին տուրում տղամարդկանց ընտրանին մրցելու է Գերմանիայի հավաքականի հետ: Ասել, թե հեշտ մրցակից է բաժին ընկել վերջին տուրում, ճիշտ չի լինի: Գերմանիայի հավաքականը այս մրցաշարում միակ թիմն է, որը պարտություն չունի: Տասը տուրերում գերմանացի շախմատիստները թիմային հինգ հաղթանակ են տոնել և նույնքան էլ ոչ-ոքի արդյունք գրանցել: Հետևաբար վերջին տուրում էլ մեր շախմատիստներին դժվար մրցակցություն է սպասվում: Չնայած՝ այլ կերպ մեդալ վաստակել հնարավոր էլ չէ: Եվ մերոնք ունեն ներուժ այս մրցամարտում հաղթանակի հասնելու և աղյուսակում ավելի բարձր տեղ զբաղեցնելու համար:

Բայց ամեն ինչ չէ, որ մեր հավաքականի խաղից է կախված: Անկասկած, շատ կարևոր է, թե ինչպես կխաղան աղյուսակում մրցակիցները: 3-5 տեղերում հայտնված Լեհաստանի, Ռուսաստանի և Ֆրանսիայի հավաքականները մեկ միավոր ավելի ունեն մեր ընտրանուց: Վերջին տուրում ֆրանսիացիներն ու ռուսները խաղում են իրար հետ, իսկ լեհերը կմրցեն հնդիկ շախմատիստների հետ: Ահա այս մցավեճերն ու դրանց գումարած մեր հավաքականի խաղը Գերմանիայի հետ կտան պատասխանը, թե ով տեղ կզբաղեցնի աղյուսակի մրցանակային եռյակում: Թվում է, թե այդ տեղն իրենց համար ապահովել են ԱՄՆ և Չինաստանի հավաքականները, որոնք վերջին տուրում կխաղան իրար դեմ: 

Հայ շախմատիստները բարձրակարգ խաղ են ցուցադրել Բաթումում

Հայաստանի կանանց հավաքականը, որի ելույթները միանշանակ հիանալի պետք է համարել՝ անկախ վերջնական արդյունքից, շատ մոտ է համաշխարհային օլիմպիադայում մեդալ վաստակելուն: Կանանց մեր հավաքականը վերջին տուրից առաջ 16 միավորով կիսում է 2-4 տեղերը Ուկրաինայի և ԱՄՆ հավաքականների հետ, բայց լրացուցիչ գործակիցներով մեր թիմը չորրորդն է: Նախավերջին տուրում մեր թիմին չհաջողվեց հաղթանակի հասնել Ադրբեջանի քառյակի նկատմամբ. մրցամարտն ավարտվեց 2:2 հաշվով: Իսկ վերջին տուրում մեր շախմատիստուհիների մրցակիցը Վրաստանի առաջին թիմն է, որը նույնպես հաղթանակի դեպքում կարող է տեղ զբաղեցնել մրցանակային եռյակում: 

Շատ ցավալի կլինի, եթե հատկապես կանանց հավաքականը մեդալ չվաստակի, որովհետև ամբողջ մրցաշարի ընթացքում հայ շախմատիստուհիները վերելքով են հանդես եկել ու տոնել են թիմային տպավորիչ մի քանի հաղթանակներ: Հուսանք, որ վերջին տուրում իմաստուն խաղի մեր ներկայացուցիչները ևս մեկ անգամ կապացուցեն իրենց բարձր կարգը, իսկ մենք այդ դեպքում հնարավորություն կունենանք խոսել նոր նվաճումների մասին: