ՌԱԴԻՈ

Հովսեփյան.«Խնկո Ապոր գրադարանի 85-ամյակի կապակցությամբ գիտագործնական կոնֆերանս կանցկացվի»

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի գիտական քարտուղար Մադլեն Հովսեփյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է գրադարանի 85 ամյակին նվիրված միջոցառումների և գրադարանի կատարած աշխատանքների մասին։
Sputnik
Մադլեն Հովսեփյան

«Աշխարհում շատ երկրներ չունեն ազգային մանկական գրադարաններ։ Խնկո Ապոր մանկական գրադարանն իր գոյության 85 տարիների ընթացքում իր ամբողջ առաքելությունը դրել է հայ մանկան կրթության և դաստիրակության վրա։ Այստեղ անցկացվում են միջոցառումներ, որոնք նպաստում են երեխայի հընթացս զարգացմանը։

Այս բոլոր միջոցառումները երեխաներին քայլ առ քայլ տանում են դեպի գիրքը, որովհետև կային տարիներ, երբ երեխաների մեծ մասը կտրված էր գրքերից։ Եթե երեխան դժվար է գնում դեպի գիրքը, մենք գիրքը պիտի տանենք նրան ընդառաջ։ Եվ վերջին տարիներին մենք այս հարցում մեծ հաջողություններ ենք գրանցել։ Արդեն միջազգային կազմակերպությունների հետ շփվելը, տարբեր միջազգային միջոցառումներին մասնակցելը նշանակում է, որ գրադարանը սոսկ Հայաստանի ներսում չէ»,–ասում է Հովսեփյանը։

Նրա խոսքով` գրադարանի 85–ամյա շաբաթը, որը տևելու է հոկտեմբերի 15–21–ը, իր մեջ ներառում է ոչ միայն հանդիսություններ, այլ նաև գիտագործնական կոնֆերանսներ նաև` միջազգային առումով։