Այսօրվա իշխանությունը 30 տոկոս աջակիցներ ունի. Գալուստ Սահակյանի հաշվարկը

ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու առաջադրելու որոշում դեռ չունի, բայց Գալուստ Սահակյանը չի բացառում նման հնարավորությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր քայլերի մասին շատ ավելի ուշ կհայտարարի: Այսօր` հոկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողներին այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը` պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում ՀՀԿ-ն իր թեկնածուն առաջադրի: 

«Հանրապետականի քայլերի մասին հետո, շատ հետո տեղյակ կլինեք։ Առայժմ որևէ բան չունենք ասելու: Մեզնից որևէ գործընթաց չի սկսվելու Հայաստանում, եթե աղմկոտ իրավիճակ չստեղծվի հանրապետությունում: Որ ժողովուրդը կարողանա հանգիստ ապրել, չընկնի քաղաքական ուժերի հետևից և սկսի աղմուկով խոսքեր ասել: Ժողովուրդն ուզում է լավ ապրել, պետք է ամեն ինչ անել, որ ժողովուրդը լավ ապրի»,- ասաց Սահակյանը։

Ինչ վերաբերում է գործող իշխանություններին, Սահակյանի հաշվարկով, նրանք այսօր վայելում են ՀՀ ընտրողների միայն 30 տոկոսի աջակցությունը:

«Այսօր իշխանության թիկունքին կանգնած է և ոտքի է կանգնում բնակչության 30 տոկոսը: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 30 տոկոսը: 70 տոկոսը չի մասնակցել ընտրություններին: ՀՀԿ-ն ևս չի մասնակցել ընտրություններին»,- ասաց նա:

Փաշինյանը հայտարարում է, որ առաջիկայում հրաժարական կտա

Գալուստ Սահակյանը վստահեցրեց, որ ՀՀԿ-ի համակիրները կան, գոյատևելու են ու ոտքի վրա են լինելու միշտ:

Նշենք, որ ԿԸՀ տվյալներով` սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցել են 370,323 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի՝ 848,343-ի 43․65 տոկոսը:

Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ին կազմակերպված հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջիկայում հրաժարական կտա։ «Եթե այդ ընթացքում Ազգային ժողովը նոր վարչապետ ընտրի, թող ընտրի: Իսկ եթե ոչ, տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Իսկ եթե պարզվի, որ ժողովուրդը արտահերթ ընտրությունների կողմնակից է, մենք թույլ չենք տա նոր վարչապետ ընտրել»,- ասել էր Փաշինյանը:

Հանրահավաքը կազմակերպվել էր Ազգային ժողովի արտահերթ նիստից հետո, երբ խորհրդարանն ընդունել էր «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի և «Ելքի» պատգամավորների, վարչապետի հրաժարականից հետո թույլ կտա խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը: Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները հավաքվել էին Բաղրամյան պողոտայում և շրջափակել ԱԺ շենքը: Խորհրդարանական ուժերի հետ հանդիպումից հետո վարչապետը հայտարարեց, որ քաղաքական առումով աննախադեպ հանդիպում էր, և որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան այս տարվա դեկտեմբերին: