Աշոտյանն ուզում է կանխավ իմանալ` ԱԺ-ն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հրավեր կստանա՞

ՀՀԿ փոխնախագահին հետաքրքրում է` այս անգամ հրավեր կստանան, թե ոչ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Ազգային ժողովի այսօրվա նիստում, անդրադառնալով Երևանում նախանշված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հարց ուղղեց ՀՀ փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանին:

«Հաշվի առնելով որոշ համապետական միջոցառումների վերջին ամիսների դառը փորձը` ուզում եմ կանխավ հարցնել` ԱԺ ներգրավվածությունն ինչպիսին է լինելու: Եթե չի լինելու, հիմա ասեք: Եթե լինելու է, ապա ասեք` ինչ չափով, որպեսզի ԱԺ պատգամավորներն էլ կարողանան պատշաճ կարգով նախապատրաստվել այդ համապետական միջոցառումներին»,- ասաց Աշոտյանը:

Փոխնախարարը հայտարարեց, որ այս պահին միջոցառումներին մասնակցության հրավեր դեռ ոչ ոք չի ստացել:

«Բայց հրավերներ կլինեն, և ես վստահեցնում եմ, որ ԱԺ-ն անմասն չի մնա Ֆրանկոֆոնիայից»,-ասաց նա:

Հիշեցնենք` սեպտեմբերի 21-ին Արմեն Աշոտյանը Facebook սոցիալական ցանցում հրապարակել էր ՀՀ վարչապետի աշխատակազմից ԱԺ ուղարկված հրավիրատոմսը և նշել, որ այդպիսի հրավիրատոմս ուղարկողները չունեն պետական մտածողություն։ Դրանից առաջ` մայիսի 28-ին, ԱԺ ղեկավարությունը չէր մասնակցել նաև Սարդարապատում կազմակերպված Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 11-12-ին։ Հայաստանը կհյուրընկալի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյին և այլ բարձրաստիճան անձանց։ Ընդհանուր առմամբ Հայաստան է ժամանելու մինչև 150 պատվիրակություն` 84 մասնակից, ասոցացված անդամ ու դիտորդ երկրներից։