Հայ ինժեներների մշակումները. hi-tech գնդացիրը զինվորին կփոխարինի առաջնագծում

Հայ ինժեներները շարունակում են աշխատել մշակումը կատարելագործելու ուղղությամբ` շարունակելով բարձրացնել կրակոցների ճշգրտությունը, ինչպես նաև զենքի մոբիլությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Հայկական ԿԲ X («ԿԲ Իքս») ընկերությունը ներկայացրել է հեռահար կառավարմամբ գնդացիրի մոդիֆիկացիան։ Երկու նման մոդելներ ցուցադրվել են Երևանում անցկացվող DigiTec ցուցահանդեսի ժամանակ։

Ընկերության տեխնոլոգիայի համաձայն`գնդացիրների վրա տեղադրվում են տեսախցիկներ և հեռաչափեր։ Պատկերն ու հեռավորության մասին տվյալները փոխանցվում են գնդացրորդին, որը հետևում է էկրանին։ Հեռակառավարման վահանակից նա կարող է հեռավորության վրա կրակ բացել։

ArmHiTec 2018 պաշտպանական սպառազինության ցուցահանդես․ ինչով են զարմացրել հայերը․ տեսանյութ

Համակարգը փորձարկել են սպառազինության տարբեր տեսակների վրա։ Սկզբում այն փորձարկել և ցուցադրել են 7.62 միլիմետրանոց Կալաշնիկով գնդացրի վրա։ Իսկ ներկայիս ցուցահանդեսին բերել են նաև խոշոր տրամաչափի գնդացիր` 12,7 միլիմետրանոց ՆՍՎՏ–ն։

Ընկերության ինժեներները շարունակում են բարձրացնել կրակոցների ճշգրտությունը, ինչպես նաև զենքի մոբիլությունը։

2018 թվականի մարտին ArmHiTec  ցուցահանդեսին ընկերության մասնակիցները ներկայացրել էին հեռահար գնդացիր։ Ցուցահանդեսին այն տեղադրվել էր մետաղական արկղի մեջ։ Անհրաժեշտության դեպքում այն ամուր փակվում էր։ Իսկ ամբողջովին փակ վիճակից բացվում էր և անցնում լիարժեք մարտական պատրաստվածության ընդամենը երեք վայրկյանի ընթացքում։ Եվ այդ ամենը` հրահանգով հեռավորության վրա։

«Այժմ մենք ևս մեկ մոդիֆիկացիա ենք արել` առանց արկղի, որպեսզի զենքն ավելի արագ հնարավոր լինի տեղաշարժել։ Ավելի լավ կլինի, եթե նրա համար նախապես ոչ մեծ հարթակներ պատրաստվեն։ Այնտեղ ավելի արագ հնարավոր կլինի տեղադրել այն», – ասում է «ԿԲ Իքս»–ի փոխտնօրեն Արմեն Նիկողոսյանը։

Հայկական նոր զենքը կսթափեցնի ադրբեջանցի դիվերսանտներին. ArmHiTec ցուցահանդեսը Երևանում

Բոլոր այդ փորձնական մոդելներն ընկերությունն իր միջոցներով է պատրաստում` այլ մշակումներից ստացված եկամուտի հաշվին։ Սակայն իրենց ներդրումն այստեղ ընդգծել չեն սիրում։ Ավելի մեծ պատրաստակամությամբ խոսում են գաղափարի մասին, հանուն որի աշխատում են։ Խնդիրը հստակ և պարզ են ձևակերպում։

«Եթե զենքը հեռավորության վրա է կառավարվում, ապա առաջնագծում մարդիկ կանգնած չեն։ Մնացածը, կարծում եմ, պարզաբանելու կարիք չկա», – ասում է Նիկողոսյանը։

Հեռահար համակարգերի հրաձգային զենքի վրա ընկերությունն աշխատում է արդեն մի քանի տարի։ Վերջին շրջանում մշակումների նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանի պաշտպանության նախարարությունում։

DigiTec ամենամյա ցուցահանդեսը ներկայացնում է «hi-tech»–ի ձեռքբերումները Հայաստանում։ Ցուցահանդեսի գլխավոր կազմակերպիչը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն (UATE) է։