ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Գրոզնի քաղաքի 200-ամյակի կապակցությամբ Չեչնիայի մայրաքաղաքում տեղի ունեցավ միաժամանակ 200 հարսնացուի ամուսնության արարողակարգ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Փեսացուների մոտիկ բարեկամների և ընկերուհիների ուղեկցությամբ նրանք շարքով անցան Սրտերի ճեմուղիով՝ ձեռքներին ազգային կուժ։ Տոնակատարության առիթով այստեղ «լովզար» կոչվող ավանդական հարսանեկան արարողությունն է անցկացվում, որն ուղեկցվում է պարերով, կատակներով, խաղերով և ծիսակարգերով։
Չեչնիայի ավանդույթների համաձայն` փեսացուն սեփական հարսանիքին ներկա չի գտնվում։
Ինչպես պատմել են հարսանեկան տոնակատարությանը մասնակցող տարեցները, հարսնացուները պետք է անցնեն «լեզուն բացելու» չեչենական հին արարողությունը և միայն դրանից հետո նրանք կկարողանան խոսել։ Այդ պատճառով աղջիկները կանգնած էին համեստորեն աչքերն իջեցրած ու լրագրողներից ամաչելով շուռ եկած։
«Հարսը թամադային ջուր է մատուցում, նա աղջկանից խմելու թույլտվություն է հարցնում։ Դրական պատասխան լսելուց հետո աղջկան կամ գումար, կամ նվեր են տալիս։ Դա կարող է ցանկացած գումար լինել կամ թանկարժեք իր», – պարզաբանում է տոհմի տարեց ներկայացուցիչը։
Հրապարակում տոնախմբությունից հետո հարսներին կտանեն փեսացուների տուն, որտեղ նրանց սպասելու են բազմաթիվ բարեկամներ, հարևաններ և ընկերներ։