«Միլիոնանոց հարց» հայ գործարարներին. ի՞նչ է «հանձնարարել» Երևանին ԵԱՏՄ ներկայացուցիչը

«Եվրասիական շաբաթի» գործարար մասնակիցները կստանան միլիոնանոց առաջարկներ, բարեխիղճների պրակտիկ կանոնակարգեր ու կներկայացնեն իրենց խնդիրները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Ռուս գործարարները հայ գործընկերներից հարյուր միլիոն դոլարանոց առաջարկների են սպասում։ Այս մասին հայտնեց Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործարարական խորհրդի նախագահ Ստանիսլավ Նաումովը։

ԵԱՏՄ ներկայացուցիչը Երևանին «տնային աշխատանք» է տվել Հայաստանում հոկտեմբերի 22–24 կայանալիք «Եվրասիական շաբաթ» ամենամյա միջազգային ֆորումին ընդառաջ անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա առաջարկեց հայ գործարարներին ռուսական շուկայի համար գործնական առաջարկներ պատրաստել։

Հայաստանը դարձյալ հյուրերի է սպասում. շուտով կմեկնարկի «Եվրասիական շաբաթը»

«Հիմա միության անդամ երկրների ներքին մթերային շուկայի ծավալը 8 միլիարդ դոլար է, սակայն մենք ուզում ենք մեծացնել այն հարյուր միլիոն դոլարով` դա «Եվրասիական շաբաթի» հստակ խնդիրն է։ Ֆորումին ռուսական առևտրային ցանցերի բազում ներկայացուցիչներ են լինելու։ Նրանք մեր հայ գործընկերների առաջարկներին են սպասելու։ Մենք ուզում ենք որակյալ ու մատչելի ապրանքներ տանել Հայաստանից Ռուսաստան», – նշեց նա։

Բացի այդ, Նաումովն ասաց, որ ֆորումի մասնակիցներին մթերային շուկայի մասնակցների բարեխիղճների  պրակտիկ կանոնակարգ կներկայացնեն։ Այդ կանոնակարգը եվրասիական գործարարների ինքնակարգավորման գործիք կդառնա։ Խոսնակն ընդգծեց, որ եվրասիական ինտեգրումը պետք է բխի բիզնեսի շահերից։

«Ցավոք, մենք այդ դաշտում միայն առաջին քայլերն ենք անում։ ֆորումի ընթացքում պետք է բացեիբաց խոսել ԵԱՏՄ մասնակից երկրների շուկաներում հայ գործարարների հակասությունների ու խնդիրների մասին», – ասաց Նաումովը։

«Եվրասիական  շաբաթ» ֆորումի մասնակցությունն անվճար է։  Գրանցումը տեղի է ունենում eurasianweek.com կայքում։

«Եվրասիական շաբաթ» գործարար համաժողովն իրականացվում է ամենամյա պարբերականությամբ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և «Բիզնես Արմենիա» հիմնադրամի աջակցությամբ։