Հայկ Մարությանն իր երդման արարողությունը յուրահատուկ ձևով է անցկացնելու. «Ժողովուրդ»

Մարությանը Հանրապետության հրապարակում է անցկացնելու իր երդմնակալությունը, քանի որ այն նույնացվում է թավշյա հեղափոխության հաղթանակի հետ, նաև դարձել է ժողովրդի հետ իշխանությունների հաղորդակցության յուրօրինակ հարթակ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. «Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ սեպտեմբերի 23-ին ավագանու արտահերթ ընտրություններին Երևանի քաղաքապետ ընտրված Հայկ Մարությանը իր երդման արարողությունը որոշել է յուրահատուկ ձևով անցկացնել:

Օրվա կադր. Հայկ Մարությանը դուրս է եկել վազքի

Այս ընթացքում համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ Մարությանը մտադրություն ունի իր երդմնակալության արարողությունը անցկացնել Հանրապետության հրապարակում:

Մարությանն այդպես է վարվելու, քանի որ Հանրապետության հրապարակը նույնացվում է թավշյա հեղափոխության հաղթանակի հետ, նաև դարձել է ժողովրդի հետ իշխանությունների հաղորդակցության յուրօրինակ հարթակ: Ինչպես հիշում եք, վարչապետ Փաշինյանն էլ իր 100 օրն ամփոփեց հենց Հանրապետության հրապարակում:

Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ Մարությանն իրենց հետ չի քննարկել իր ծրագրերը՝ չնայած այն բանին, որ քաղաքապետարանի աշխատակազմն է զբաղվում երդմնակալության արարողության կազմակերպման աշխատանքներով:

Ավելին՝ ըստ որոշ տեղեկությունների՝ մինչ այդ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառվում, որ հանդես կգա հայտարարությամբ, և Հայկ Մարությանին ձայն տված քաղաքացիներին կհրավիրի Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու նրա երդմնակալության արարողությանը»: