Գագիկ Ծառուկյանը երկրում չէր. այսօր երեկոյան նա արդեն հանդիպումներ է նշանակել

ԲՀԿ առաջնորդն այսօր երեկոյան հանդիպում է նշանակել ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հետ՝ տեղեկանալու վերջին քվեարկության և դրան հաջորդած իրադարձությունների մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն արդեն մեկ շաբաթ է երկրում չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացնում է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Ի պատասխան մամուլում տեղ գտած այն տեղեկության, թե իբր Գագիկ Ծառուկյանը Հայաստանում է գտնվում, սակայն դիրքորոշում չի հայտնել տեղի ունեցող վերջին քաղաքական իրադարձությունների վերաբերյալ, պաշտոնապես ևս մեկ անգամ նշում եմ, որ դա բացարձակ ապատեղեկատվություն է: Գագիկ Ծառուկյանն արդեն մեկ շաբաթ է մասնավոր այցով գտնվում է արտերկրում և վերադառնում է միայն այսօր»,–գրել է Տոնոյանը:

Վերջնական որևէ պայմանավորվածություն չի եղել. ԲՀԿ-ն մնում է իր տեսակետին. Մելքումյան

Նա վստահեցրել է, որ ԲՀԿ առաջնորդն արդեն այսօր երեկոյան հանդիպում է նշանակել ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հետ՝ տեղեկանալու վերջին քվեարկության և դրան հաջորդած իրադարձությունների մասին:

Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ին, երկրորդ և վերջնական ընթերցմամբ ԱԺ-ն 67 կողմ քվեներով ընդունել է «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի և «Ելքի» պատգամավորների, վարչապետի հրաժարականից հետո թույլ կտա խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը: Օրինագծին կողմ էին քվեարկել ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները։

Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները հավաքվել էին Բաղրամյան պողոտայում և շրջափակել ԱԺ շենքը: Վարչապետը հենց հանրահավաքի հրապարակից աշխատանքից ազատեց կառավարության ԲՀԿ և ՀՅԴ անդամ նախարարներին և մարզպետներին։ Խորհրդարանական ուժերի հետ հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարեց, որ քաղաքական առումով աննախադեպ հանդիպում էր, և որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան այս տարվա դեկտեմբերին: