Հայաստանում 2019–ին պաշտպանության ծախսերը կաճեն. որքա՞ն

Ռազմական կարիքների ծախսերը կաճեն 12%–ով։ Բացի այդ, կօգտագործվի ռուսական վարկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում 2019 թվականին պաշտպանական ծախսերը կաճեն։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նա հիշեցրեց, որ 2016 թվականին ընդունված բյուջետային կանոնների համաձայն` հանրապետությունում պաշտպանության ծախսերը չպետք է լինեն ՀՆԱ-ի 4%-ից պակաս։

Համապատասխանաբար, ռազմական կարիքների բավարարման համար ծախսերը 256 միլիարդ դրամ կկազմեն կամ 12%-ով ավելի շատ, քան 2018 թվականին։

Բացի այդ, ռուսական վարկի շրջանակում նախատեսվում է ծախսել 42,8 միլիարդ դրամ։ Այդ միջոցներով ռուսական արտադրության ինժեներային ու ավտոմոբիլային տեխնիկա է ձեռք բերվելու։