ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Խորհրդարանն օրինագծեր ընդունելու, ինչպես նաև կանոնակարգում շտկումներ անելու իրավունք ունի, վարչապետը չպետք է ճնշում գործադրի ԱԺ-ի վրա, Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
Նրա խոսքով` Հայաստանի վարչապետը շեղվել է իր սեփական ծրագրից. սկզբում հայտարարել էր, որ ընտրությունները տեղի կունենան 2018թ-ի մայիսին, իսկ մի քանի օր առաջ ասաց, որ ժամկետը տեղափոխվել է դեկտեմբեր։
Ինչ վերաբերում է գործադիր և օրենսդիր իշխանությունների հակամարտության սրմանը, ապա, նրա խոսքով, ԱԺ կանոնակարգի մասին օրինագծում շտկումներն ընդունելուց հետո խորհրդարանի մոտ հավաքվելու անհրաժեշտություն չկար։
Նա կարծում է, որ դա խորհրդարանի իրավունքն էր, նույնիսկ եթե սխալ էր։ Այս դեպքում Փաշինյանը պետք է օգտագործեր իր լծակները։
«Ինձ համար հասկանալի է, որ նրանք, ովքեր քվեարկել են այդ փոփոխությունների համար, ցանկացել են, որ ժամանակից շուտ չզրկվեն մանդատից։ Բայց խորհրդարանը ճնշումից ապահովագրելու փորձը պետք չէ միայն բացասաբար գնահատել», — ասաց Հայրիկյանը։
Նա իրավական հիմքերից զուրկ է համարում Փաշինյանի այն հայտարարությունները, որոնք վերաբերում են խորհրդարանը քաղաքացիների ճնշման տակ արձակելուն։ Հայրիկյանի կարծիքով` վարչապետը կարող է հրաժարական տալ, բայց իրավունք չունի պահանջելու, որ չընտրեն ուրիշին։
«Խորհրդարանը լուծարելու իրավունք ոչ ոք չունի։ Կա միայն մեկ ուղի` կա՛մ կառավարության ծրագիրը չի ընդունվում, կա՛մ վարչապետ չի ընտրվում կառավարության նախկին ղեկավարի հրաժարականից հետո։ Նիկոլ Փաշինյանը որոշել է գնալ ծայրահեղ քայլի, որն արդարացված չէ», — կարծում է Հայրիկյանը։
Նրա խոսքով` վարչապետը կարող էր գնալ դրան, եթե խորհրդարանն ըստ էության չգործեր և չընդուներ կառավարության ինչ-որ նախաձեռնություն։
Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ին, երկրորդ և վերջնական ընթերցմամբ ԱԺ-ն 67 կողմ քվեներով ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի և «Ելքի» պատգամավորների, վարչապետի հրաժարականից հետո թույլ կտա խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը: Օրինագծին կողմ էին քվեարկել ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները։ Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները հավաքվել էին Բաղրամյան պողոտայում և շրջափակել ԱԺ շենքը: Խորհրդարանական ուժերի հետ հանդիպումից հետո վարչապետը հայտարարեց, որ քաղաքական առումով աննախադեպ հանդիպում էր, և որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան այս տարվա դեկտեմբերին: