Հոկտեմբերի 6-ին Հայաստանը կխոնարհի դրոշները. Փաշինյանը մեկնում է Ֆրանսիա

Հոկտեմբերի 6-ին Հայաստանը կսգա հայրենակցի կորուստը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. 2018 թվականի հոկտեմբերի 6-ը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Հայաստանում հայտարարվում է սուգ` ի հիշատակ Հայաստանի ազգային հերոս, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի։

Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրն Արցախում սգո օր կհայտարարվի

Այդ օրը Ֆրանսիայում տեղի կունենա աշխարհահռչակ երգչի հուղարկավորության արարողությունը, որին ներկա կլինի նաև ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Հայաստանի պետական կառավարման համակարգի մարմինների, համայնքների ղեկավարներին հանձնարարվում է այդ օրը ապահովել դրոշի իջեցման կարգը։

Նշենք, որ վարչապետի մեկ այլ որոշմամբ սահմանվել է նաև Ֆրանսիա մեկնող կառավարական պատվիրակության կազմը։ Բացի Փաշինյանից ու նրա տիկնոջից, պատվիրակության կազմում են նաև արտգործնախարարության, մշակույթի նախարարները, Ֆրանսիայում ՀՀ դեսպանը, ՀՀ նախագահի խորհրդականը, վարչապետի օգնականը, մամուլի քարտուղարը, հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալը, նույն բաժնի գլխավոր մասնագետը, արարողակարգի պատասխանատուները, օպերատորներ, թիկնապահներ և «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը։

Պատվիրակությունը Ֆրանսիայում կլինի հոկտեմբերի 4-6-ը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը 94 տարեկան հասակում կյանքից հեռացավ Շառլ Ազնավուրը։ Նշանավոր ֆրանսիահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924թ.-ի մայիսի 22-ին Փարիզում, հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։

Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956թ.-ին Փարիզի դահլիճներից մեկում հաջող ելույթից հետո։ Նրա գրած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։

Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային թվով ձայնասկավառակ է վաճառել (180 մլն)։