Նվազագույն կենսաթոշակի խնդիրը. Հայաստանի իշխանություն ուզում է սովից փրկել տարեցներին

Հայաստանի կառավարությունը թոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատության վերացմանն ուղղված հարցեր է քննարկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի իշխանությունը մտադիր է հաջորդ տարի նվազագույն կենսաթոշակի պաշտոնական չափ սահմանել։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը` ներկայացնելով 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը։

Հայաստանի 2019թ–ի բյուջեի նախագիծ. նվազագույն աշխատավարձի ու կենսաթոշակների չափը կփոխվի՞

Հիմա նվազագույն կենսաթոշակը 16 հազար դրամ է, իսկ աշխատանքային ստաժի ավելացումը` տարեկան 800 դրամ` ստաժի առաջին 10 տարիների համար, 500 դրամ` հաջորդ տարիների։ Աշխատանքային ստաժի բացակայության դեպքում բազային թոշակը կազմում է 16 հազար դրամ։

Բազային թոշակի բանաձևը 2019 թվականին նույնն է մնալու, բայց թոշակների համար (ինչպես նաև ծերության նպաստի) առաջարկվում է 25 500 հազար դրամ նվազագույն չափ սահմանել` անկախ աշխատանքային ստաժից։

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության հաշվարկների համաձայն` դա պետք է ազատի մոտ 80 հազար թոշակառուներին ծայրահեղ աղքատությունից, այսինքն` սովից։

Մնացած թոշակառուները կստանան այնքան, որքան ստանում էին։

Նախարարության գնահատականներով` 2019 թվականին 461 հազար թոշակառու է լինելու, այսինքն` Հայաստանի բնակչության մոտ 15%-ը։

Արդյունքում հաջորդ տարի միջին կենսաթոշակը 39,4 հազարից կհասնի 40,2 հազար դրամի։

Կառավարությունն առաջարկում է ավելացնել «մաքուր» աշխատավարձերը. ո՞վ կշահի դրանից

Նշենք, որ Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղը հաշվարկում է Ազգային վիճակագրական կոմիտեն։ Բայց այդ հաշվարկը պաշտոնական ուժ չունի, այսինքն կառավարությունը պարտավոր չէ դրա հետ կապել պետական հատվածի աշխատավարձերը և կենսաթոշակները։ Այդ նվազագույն սպառողական զամբյուղը գերազանցում է թե՛ միջին կենսաթոշակը, թե՛ նվազագույն աշխատավարձը։ Այն կազմում է ամսական 62 330 դրամ մեկ անձի համար։

Նշենք, որ այստեղ ներառված են նվազագույն մթերքները, ոչ մթերային ապրանքներն ու ծառայությունները, այդ թվում` կոմունալ։

Եթե այդպես է, ապա ինչ է տալու թոշակառուներին այդ 25 500 դրամը։ Խոսքն այստեղ արդեն միայն մթերքի մասին է։ Այսինքն` եթե հաշվի չեն առվում կոմունալ ծառայությունների ծախսերն ու դեղորայքը։

Ազգային վիճակագրական կոմիտեի հաշվարկներով` այդ գումարով օրական կարելի է գնել 460 գրամ հաց, 50 գրամ միս, 145 գրամ կարտոֆիլ, 200 գրամ բանջարեղեն, 115 գրամ միրգ, 30 գրամ բուսայուղ և 25 գրամ շաքարավազ։