ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին և ԼՂՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին գերությունից ազատելու համար արվում է հնարավորը։ Այսօր կառավարությունում լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` հավելելով, որ այդ ուղղությամբ աշխատում է նաև Կարմիր խաչ միջազգային կոմիտեն։
«Եթե չեմ սխալվում, վերջին անգամ օգոստոսի 3-ին են այցելել իրենց: Միջազգային տարբեր կազմակերպությունները, մեր հասարակական կազմակերպությունները, ծնողները զբաղվում են այդ հարցով, դուք պետք է հասկանաք, որ որպես պաշտպանության նախարար` իմ ներգրավվածությունը սահմանափակ է, միայն նրանով է պայմանավորված, որ ես միջգերատեսչական հանձնաժողովի նախագահն եմ»,- ասաց Տոնոյանը։
Հիշեցնենք`երեկ ԱԺ-ում, պատասխանելով պատգամավոր Արմեն Աշոտյանի հարցին, թե հաստատվե՞լ է արդյոք օպերատիվ կապ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և հաջողվե՞լ է ինչ-որ մանրամասներ իմանալ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի ճակատագրի մասին, վարչապետը հայտնել էր, որ տյալ պահին դեռ կապ չկա, բայց այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են։
Նշենք, որ 2018 թ-ի հուլիսի 15-ին ադրբեջանական կողմը հայտարարություն էր տարածել, թե «հայկական դիվերսիոն ներխուժում է կանխել Ղազախի հատվածում, և գերի է վերցրել «դիվերսիոն խմբի» անդամներից մեկին` Կարեն Ղազարյանը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց` նշելով, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ Զինված ուժերում։ Նա ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում։