ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 3–ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Ջերմուկ-Վայք Մ2 ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի Գորհայք գյուղի բնակիչ, 50-ամյա Սուրեն Վարդանյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 34 PO 351 համարանիշի և Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի բնակիչ, 43-ամյա Զառա Սիանոզովայի վարած Lexus մակնիշի 35 NV 606 համարանիշի ավտոմեքենաները, հաղորդում է shamshyan.com–ը:
Վթարի հետևանքով Niva-ի ուղևորներ, Գնդեվազ գյուղի բնակիչներ, 52-ամյա Այվազ Բարսեղյանը, 42-ամյա Հասմիկ Հարությունյանը և վարորդի համագյուղացի, 40-ամյա Վարդանուշ Համբարձումյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն:
Վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության, պարզվել է, որ Niva-ի վարորդ Ս. Վարդանյանը եղել է ոչ սթափ վիճակում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Niva-ի վարորդը, ով մինչև Lexus-ին բախվելը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կիսակողշրջվելով բախվել հողաթմբերին, այնուհետև առաջ ընթանալով՝ դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Lexus-ին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Niva-ի վարորդ Ս. Վարդանյանն ու հիվանդանոց տեղափոխված Ա. Բարսեղյանը անասնաբույժ են: