Որքան գումար կկարողանան ծախսել ՀՀ քաղաքացիները մյուս տարի. նախարարի պատասխանը

Իրավիճակի գնահատումը դեռ կարող է փոխվել, եթե Հայաստանի հարկային օրենսգրքում փոփոխություններ արվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. 2019 թվականին Հայաստանում բիզնեսի ու բնակչության ծախսերը, նախնական գնահատականով, կարող են աճել։ Այս մասին նշվում է Հայաստանի պետական բյուջեի նախագծում, որին կառավարությունը հավանություն է տվել սեպտեմբերի 27-ին։ Բայց հարկային բարեփոխումները կարող են ամեն ինչ փոխել։

2018 թվականի առաջին կիսամյակում մասնավոր սպառումն աճել է 4,4%-ով։ Պետական սեկտորում սպառումը կրճատվել է 9,1%-ով` զսպող բյուջետային քաղաքականության պատճառով։

Հաջորդ տարի սպառման 4,5% աճ է նախատեսվում։ Ընդ որում` աճն ակնկալվում է ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորում։

Այնուամենայնիվ, դեռ հայտնի չէ` արդյո՞ք կկարողանանք 2019 թվականին մեզ ավելի շատ բան թույլ տալ, քան հիմա։

«Այդ կանխատեսումների մեջ ներառված չեն հարկային օրենսդրության փոփոխությունները։ Քանի որ քննարկումները կառավարությունում դեռ չեն ավարտվել», —մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Կառավարությունն ուզում է ավելացնել հարկումը ապրանքների ու ծառայությունների սպառումից ու պակասեցնել ներդրումներից ու աշխատավարձերից։ Այսինքն` ավելի քիչ հարկեր վերցնել եկամուտից, ավելի շատ`ծախսերից։

«Բայց ինչպես կփոխվեն հարկերը, մենք դեռ չենք որոշել։ Իսկ դա նշանակում է, որ անհասկանալի է նաև այն` ինչպես կփոխվի սպառման դինամիկան». — ավելացրեց նախարարը։

Հիշեցնենք` պետական բյուջեի նախագծի քննարկումները պետք է անցկացվեն խորհրդարանում հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Նշենք, որ նախագիծը նվազագույն աշխատավարձի բարձրացում չի նախատեսում։