Ահաբեկչության կոչ անողները կտուգանվեն ու կազատազրկվեն. Զեյնալյանը նախագիծ ներկայացրեց

Ահաբեկչության կոչ անողները, եթե անգամ դրանք հնչում են սոցկայքերում, կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի կառավարությունը մտադիր է քրեական պատիժ սահմանել միջազգային ահաբեկչության հրապարակային կոչերի, ահաբեկչությունը հրապարակայնորեն արդարացնելու ու քարոզելու դիմաց։

Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխության նախագիծն այսօր կառավարության նիստում ներկայացնելով` ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ գործող օրենսգիրքը քրեական պատասխանատվություն է նախատեսում միայն ահաբեկչության հրապարակային կոչերի համար։

«Ժամանակակից տեխնիկական առաջընթացի պայմաններում հրապարակայնորեն (այդ թվում՝ զանգվածային հաղորդակցության միջոցներով) ահաբեկչական գործողությունների կատարման կոչերը հանրային մեծ վտանգ են ներկայացնում»,- խոսելով քրեականացման նախագծի անհրաժեշտության մասին` ասաց Զեյնալյանը։

Նախարարը հայտնեց, որ նշված հանցանքների համար կսահմանվեն տուգանքներ՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով։

«Առանձին դեպքերում կկիրառվի նաև ազատազրկում` առավելագույնը երեք տարի ժամկետով»,- ասաց նա:

Կառավարությունը հավանություն տվեց ներկայացված նախագծին և այն ներկայացրեց խորհրդարան` հետագա քննարկման ու ընդունման համար։