Ռուսաստանն աջակցելու է Արցախի հարցով դրական միտումներին. Զախարովա

ՌԴ արտգործնախարարությունում կարծում են, որ կարևոր է չվնասել նշմարվող դրական միտումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Մոսկվան պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության շուրջ դրական միտումներին։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այս մասին ասել է ավանդական ճեպազրույցի ժամանակ։

«Մենք ողջունում ենք նշմարվող դրական միտումները։ Կարևոր է զարգացնել դրանք ու չվնասել անզգույշ հռետորաբանությամբ, ինչը, ցավոք, նկատվում է վերջերս։ Մենք մեր հերթին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերենք այդ դրական միտումներին», — ասաց Զախարովան։

Հիշեցնենք` վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում ասել էր, որ Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվել են սահմանին խաղաղություն պահպանելու, ինչպես նաև երկխոսություն ու բանակցություններ վարելու մասին։ Կողմերի երրորդ որոշումը, պաշտոնական հայտարարությունների համաձայն, օպերատիվ կապի կազմակերպումն է։