Երևանի Աբովյան փողոցի մի հատվածը 14 ժամ փակ կլինի

Քաղաքապետարանը խնդրում է մայրաքաղաքի գլխավոր փողոցում ավտոմեքենաներ չկայանել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված՝ մայրաքաղաքի Ազնավուրի հրապարակում կազմակերպվելիք միջոցառման կապակցությամբ հոկտեմբերի 5-ին՝ ժ. 10:00-24:00-ն փակ է լինելու Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատվածը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Խնդրում ենք Աբովյան փողոցի նշված հատվածում զերծ մնալ մեքենաներ կայանելուց: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 6-ը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Հայաստանում հայտարարվում է սուգ` ի հիշատակ Հայաստանի ազգային հերոս, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի։